Newmag.am-ը գրում է․

Ֆորեսթ Մարսը ծնվել է 1904 թվականին Մինեսոտայում, ԱՄՆ: Ընտանիքը հարուստ չէր. հայրը` Ֆրենք Մարսը, պատրաստում էր էժան քաղցրավենիք, իսկ մայրը դրանք վաճառում էր: Ընտանիքին փողով օգնելու համար ուսանողական տարիներին Ֆորեսթը սկսեց աշխատել “Camel” (այն ժամանակ դեռ անհայտ) ծխախոտ արտադրող ընկերությունում. նա դարձավ գովազդային գործակալ: Եվ մի անգամ “Camel”-ի գովազդային պաստառներով այնպես սոսնձեց խանութների ցուցափեղկերը, որ ձերբակալվեց և հայտվեց ճաղերի ետևում: Բանտից հետո նրան տեղափոխեցին Յելի համալսարան, որտեղ նա սկսեց ուսումնասիրել տնտեսագիտություն և քիմիա, կարդալ ձեռներեցության մասին գրքեր:

Մի անգամ հոր հետ խմելով մայրիկի պատրաստած կաթնային կոկտեյլը` նրա գլխում մի տարօրինակ միտք ծնվեց: Ֆորեսթը որոշեց կաթնային կոկտեյլով լցոնված շոկոլադ պատրաստել, հայրն էլ կոկտեյլի մեջ ավելացրեց մի քիչ կարամել: Ստացվեց “Milky Way”՛-ը: Նորույթը դուր եկավ հաճախորդներին: Ֆրենք Մարսը նույնիսկ կարիք չունեցավ գովազդել «հրաշք կոնֆետը», առանց այդ էլ այն շատ լավ էր վաճառվում: Առաջին տարում նրանք վաճառեցին 800 հազար դոլարի “Milky Way”: Հայրն արտադրությունը տեղափոխեց Չիկագո` մեծացնելով ծավալները, կառուցեց նոր տուն և սկսեց պատրաստվել անհոգ ու ապահով ծերության: Սակայն Ֆորեսթին դա չէր բավարարում, նա ձգտում էր համաշխարհային հռչակի: Եվ վերջապես եկավ այն պահը, երբ նա որոշեց հիմնել քաղցրավենիքի սեփական արտադրությունը: Դրա համար նա հորից պահանջեց արտադրության 1/3-ը (նա ընտանիքում 3-րդ որդին էր), սակայն հայրը մերժեց: Հարաբերությունները վատացան, և Ֆորեսթը լքեց հայրենի տունը: Նա բնակություն հաստատեց Անգլիայում:

1932-ին երիտասարդ Ֆորեսթն անգլիական մի փոքրիկ քաղաքում վարձակալեց հրուշակեղենի մի խարխուլ արտադրամաս և հիմնեց մի բան, որը հետագայում դարձավ մոլորակի ամենահայտնի շոկոլադ արտադրող կազմակերպությունը` “Mars Confectionery”-ն: Նա ուներ սեփական բիզնեսը վարելու իր և միայն իր սկզբունքները, որոնք հակասում էին այն ժամանակ ընդունված տնտեսվարման բոլոր կանոններին: Այդ նոր մտածելակերպը հետագայում պետք է վերաճեր մենեջմենթի մեջ մի նոր ուղղության (բայց այդ մասին` ավելի ուշ):

Մարսը հմտորեն փոփոխեց “Milky Way”-ի բաղադրությունն ու ստացավ “Mars” շոկոլադե բատոնը: Սակայն հասկանալով, որ ցրտաշունչ Անգլիայում մարդիկ այնքան էլ հեշտ չեն բաժանվի իրենց գումարից ինչ-որ շոկոլադի համար, այն էլ զանգվածային արտադրությամբ թողարկվող`նա դիմեց մարքետինգային խորամանկության: Նա հայտարարեց, որ “Mars”-ը սոսկ քաղցրավենիք չէ, այլ սննդատեսակ, որը մարդուն ապահովում է էներգետիկ լիցքերով, ձերբազատում է հոգնածությունից և նյարդային գերլարվածությունից: Անգլիացիները հավատացին դրան, և սկսվեց “Mars”-ի տիեզերական հաղթարշավը:

Սկզբում շոկոլադն ամռան ամիսներին հիմնականում սպառվում էր նույն տեղում, որտեղ արտադրվում էր, քանի որ դրա տեղափոխումը գրեթե անհնար էր շոգի պատճառով (այն հալչում էր նույնիսկ միջին ջերմաստիճանում): Մարսը գտավ ելքը, նա շոկոլադե կտորը շաքարապատեց (ինչպես շաքարաքլորը), որպեսզի այն հալչեր ոչ թե ձեռքերի մեջ, գրպանում կամ խանութի դարակներում, այլ բերանում: Սա նախատիպն էր հռչակավոր M&Ms-ներրի, որոնց անվան մեջ մեկտեղվել են 2 ամենախոշոր հրուշակագործերի անունների առաջին տառերը. Մարս և Մյուրի (“Hershy’s” ընկերության նախագահը, որը ֆինանսավորեց գունավոր գնդիկների արտադրությունը): Նորույթը թողարկվեց տեխնիկական կարգախոսով. «Շոկոլադ, որը չի ապականում ձեռքերը»: Շուտով դրանք այնպիսի տարածում գտան, որ շուկայում ակնթարթորեն հայտվեցին դրանց տասնյակ էժան փոխարինողները: Երկար մտորումներից հետո որոշվեց “m” տառը դաջել նրանցից յուրաքանչյուրի վրա: M&M’s հայտնի կերպարները՝ դեղին և կարմիր «գնդիկները», իրենց կեսդարյա պատմության ընթացքում իսկապես վերածվեցին աշխարհի ամենաճանաչելի և հայտնի գովազդային կերպարների: Իսկ 1984-ին հենց նրանք էին, որ առաջինը ճամփորդեցին դեպի տիեզերք: Ամերիկյան «Շաթլը» նրանց «կտրեց» երկրի ձգողականության դաշտից, և այդ օրից նրանք տիեզերագնացների սննդի անբաժանելի «գունավոր» մասն են:

m&M

Պատերազմը, որպես օրենք, կործանարար է տնտեսության և բիզնեսի համար, բայց ոչ` «Մարսի» դեպքում: Ռազմական գործողությունները նրան ստիպեցին շտապ հայտնաբերել արագ եփվող բրնձատեսակ, որը մշակվում էր ուժեղ գոլորշու ներքո: «Մարսն» ԱՄՆ զինված ուժերից ստացավ մեծ պատվերներ: Բրնձի ապրանքանիշն անվանակոչվեց “Uncle Ben’s”, իսկ որպես բրենդի դեմք՝ ընտրվեց լայն ժպտացող սևամորթը: Սակայն «Մարսը» դրանով չսահմանափակվեց, հերթը հասավ ընտանի կենդանիներին: «Մարսն» ամեն ինչ հստակ հաշվարկել էր. մսի կոմբինատները մնացորդները վաճառում էին գրեթե անվճար, իսկ տնային տնտեսուհիները ոչինչ չէին խնայի իրենց սիրելիների և սեփական հարմարության համար: Երկու հասարակ փաստի համադրում և, խնդրեմ, “Pedigree”, “Whiskas”, “Kitekat”:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել