Հայաստանում դիջեյներին լավ չեն վարձատրում. DJ Սերժո (ֆոտո, վիդեո)Armlur.am-ը գրում է․

DJ Սերժոն, ով վերջերս նաեւ եվրոպական շուկա դուրս գալու փորձեր է անում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ չնայած ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրությունն աստիճանաբար մեծանում է, մեր երկրում դիջեյները, իրենց ունեցած պոտենցիալի համեմատ, բավարար չեն վարձատրվում:

-Սերժո՛, Հայաստանում դիջեյները որքանո՞վ են պահանջված:

-Այսօր մենք ունենք շատ դիջեյներ, ովքեր մատուցում են որակյալ երաժշտություն, ունեն միջազգային շուկա մուտք գործելու բոլոր հնարավորությունները: Երեւանի պես փոքր քաղաքում ամեն մեկս ունենք մեր ունկնդիրը, աշխատանքի հանդեպ մեր մոտեցումը: Իսկ ակումբային երաժշտության հանդեպ հանրության ուշադրության առումով առաջընթացը նկատելի է:

-Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրում ռեստորանային երաժշտության վերաբերյալ մարդիկ ավելի լավ կարծիք ունեն, քան ակումբային երաժշտության, համաձա՞յն եք:

-Իրականում ռեստորանը կամ ակումբն ընդամենը տարածք է, իսկ տրամադրություն, մթնոլորտ ձեւավորողը մարդիկ են: Ռեստորանային երաժշտությունը, թերեւս, մասսայականություն է վայելում դրա հանդեպ բարձր տարիքի մարդկանց հետաքրքրվածության շնորհիվ, իսկ ահա ակումբում փորձ է արվում ներկայացնել ժամանակակից երաժշտություն, որը ոչ բոլորին է հասու:

-Երեւանը կարո՞ղ է համարվել ակումբային քաղաք:

-Միանաշանակ այդ որակումը տալը դժվար է, սակայն սխալ կլինի, եթե ասենք, որ շատ հեռու ենք դրանից: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ճաշակով դիջեյներին, ոլորտի գիտակներին, որպեսզի ունենանք արդյունք:

-Արդեն 8 տարի է՝ Երեւանում զբաղվում եք դիջեյությամբ, սպառվելու մտավախություն չկա՞:

-Գալիս է մի պահ, որ դադարի, ֆորմատային փոփոխության կարիք է զգացվում. դա նորմալ է, երաժիշտը չպետք է կրկնվի: Սպառվելու խնդիր չկա, բայց դադարներ պետք են:

-Մեր դիջեյները, թեկուզ ֆինանսական առումով, ինչպես հարկն է՝ գնահատվո՞ւմ են:

-Գիտեք՝ ցանկացած երկրում այս ոլորտի մարդիկ ունեն եկամտի կողմնակի աղբյուր: Կարծում եմ՝ իրենց ունեցած պոտենցիալի համեմատ դիջեյները մեր երկրում բավարար չեն վարձատրվում: Վերջին ժամանակներում նկատելի է, օրինակ, դիջեյների՝ հարսանիքներին հրավիրվելու տենդենցը. այսինքն՝ նրանց պահանջարկն աստիճանաբար մեծանում է, իսկ եթե մասնագետն ունի պահանջարկ, ուրեմն պետք է լավ վաստակի:

-Արտասահմանցի դիջեյների հետ համագործակցությունն ի՞նչ փուլում է:

-Արտասահմանում սկսել եմ հանդես գալ նոր՝ «Սիմոնյան» բեմական անվամբ, ավելի ճիշտ՝ իմ ազգանվամբ: Սիմոնյանը ներկայացնելու է հաուս ոճի ակումբային երաժշտություն: Եվրոպայում աշխատում եմ տարբեր ստուդիաների հետ, արդեն ունեմ երկու թրեք, որոնք նախատեսված են ակումբների համար: Հայաստանում եւ դրսում պատրաստվում ենք կազմակերպել նաեւ միջոցառումներ, որոնց ընթացքում հանդես կգանք կենդանի կատարումներով:

dj serjo

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել