Հեռուստաընկերության տնօրենը դատի է տվել ապահովագրական ընկերությանը(լուսանկարներ)Lorinews.am-ը գրում է.

«Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության տնօրեն Կարեն Արշակյանը պնդում է, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը անբարեխիղճ է գտնվել իր հանդեպ պարտավորությունները կատարելիս: Այս մասին Orer.am կայքին է ահազանգել հեռուստաընկերության տնօրենը: Ըստ Կարենի՝ 2014 թվականի հունիսի 17-ին Վանաձոր քաղաքի Իսահակյան խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ «Միցուբիշի Պաջերո» մեքենային է հարվածել «Օպել» մեքենան: Քննիչը որոշել է, որ մեղավոր է «Օպել»-ի վարորդը: «Միցուբիշի»-ի վարորդին սպասարկող ապահովագրական ընկերությունը «Ռոսգոսստրախ»-ն էր, իսկ «Օպել»-ի տիրոջինը՝ «Ինգո Արմենիա»-ն: «Միցուբիշի Պաջերո»-ի սեփականատեր Կարենը դիմում է «Ինգո Արմենիա» ընկերությանը՝ փոխհատուցման պահանջով: Ապահովագրական ընկերությունը խոստանում է պատասխանել 21 օրվա ընթացքում: Կարենը պատմեց, որ դրանից հետո արձագանք չի եղել: Կ.Արշակյանը զանգում է և ապահովագրական ընկերությունից նրան ասում են, թե պետք է համաձայնեցնել ապահովագրողների բյուրոյի հետ, հետո ասում են, որ ցանկանում են նորից փորձաքննություն անել, սակայն, ըստ Կարենի՝ ոչինչ չեն ձեռնարկում: Նա գրավոր դիմում է «Ինգո Արմենիա»-ին և պահանջում, որպեսզի հստակ և ճշգրիտ ժամկետներում պատասխան տրվի: Արշակյանին ասում են, որ պատասխանող կողմը դիմել է դատարան՝ բողոքարկելու քննիչի որոշումը և սպասում են դատարանի որոշմանը: Կարենը տեղեկություն ունի, որ մի քանի օր առաջ եղել է այդ դատական նիստը և հայցը մերժվել է: Կարենը մեր կայքին նաև ասաց, որ երկար ժամանակ զանգահարել է ընկերություն, սակայն նրան միշտ տրվել են անհստակ և կցկտուր պատասխաններ: Հետո արդեն նա որոշում է դատի տալ «Ինգո Արմենիա» ընկերությանը: Դատը նշանակված է 2015 թվականի փետրվարին: Կարեն Արշակյանը նշում է, որ դատական ծախսերի և փաստաբան վարձելու համար մեծ գումար է ծախսել: Կարենը 3 անգամ նամակ է գրել ապահովագրական ընկերության ղեկավարին, որպեսզի իրեն տրամադրվի այս գործընթացի համար ողջ փաստաթղթային փաթեթը, սակայն պատասխան կրկին չկա: Արշակյանը մեզ հայտնեց, որ դատարանում պատմելու է սահմանված ժամկետում իրեն չպատասխանելու մասին: Նա ասաց, որ այս հարցում խնդիրը նաև այն է, որ մեքենան օգտագործման ենթակա չէ, բայց ստիպված պետք է գույքահարկ մուծել: Կարենը կարծում է, որ եթե համարները հանի, ինչը նշանակում է հրաժարվել մեքենան շահագործելուց, ԱՊՊԱ-ն կարող է հրաժարվել փոխհատուցում տալուց: Orer.am կայքը սպասում է նաև մյուս կողմի՝ «Ինգո Արմենիա» ընկերության ներկայացուցչի արձագանքին: Հ.Գ Lorinews.am ներկայացնում է նաև բացառիկ լուսանկարներ չարաբաստիկ ավտովթարից, որի ժամանակ միայն հրաշքով ողջ մնացին հեռուստաընկերության տնօրենը, լրագրողներն ու աշխատակիցները: Կարծում ենք մեր տրամադրած լուսանկարները ևս մեկ անգամ կստիպեն ապահովագրական ընկերությանը հասկանալ, թե վարորդներից ով է մեղավոր և որքանով է վնասվել հեռուստաընկերության տնօրենի ավտոմեքենան:

Հեռուստաընկերության տնօրենը դատի է տվել ապահովագրական ընկերությանը(լուսանկարներ)Հեռուստաընկերության տնօրենը դատի է տվել ապահովագրական ընկերությանը(լուսանկարներ)Հեռուստաընկերության տնօրենը դատի է տվել ապահովագրական ընկերությանը(լուսանկարներ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել