Asekose.am-ը գրում է․

Գաբի Գալոյանի «Երանի» երգն ընթացիկ տարվա ամենասիրված երգերից մեկն էր, թեև այն, նախքան տեսահոլովակով ներկայացնելը, արդեն տարիների պատմություն ուներ: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է հիթային երգը կատարող Գաբի Գալոյանի հետ` ինչպես ստեղծագործական գործունեության, այնպես էլ ընտանիքի և մորեղբոր` Վանո Սիրադեղյանի մասին:

-Գաբի, ամիսներ առաջ «Երանի» տեսահոլովակը մեծ հաջողություն գրանցեց, սակայն դրանից հետո կարծես լռեցիք: Ո՞րն է տևական դադարի պատճառը:

-Երանի երգն արդեն 3 տարվա կյանք ունի. ինչ-ինչ պատճառներով տեսահոլովակն ուշացրեցի, չնայած ի զարմանս ինձ` դրա դիտողականություններն իմ սպասվածից ավելին էին: Սկզբում մտավախություն կար, որ երգն արդեն լսված և սիրված է ու հնարավոր է, որ տեսահոլովակն այլևս չդիտեն, սակայն ապշեցի, երբ 4 ամիս շարունակ հիթ շքերթների առաջին հորիզոնականներում էր… Չէի ասի, որ դադարը տևական է, քանի որ հիմա հաջորդ երգս եմ պատրաստոմ, որի տեսահոլովակը պատրաստ կլինի 2015-ի սկզբին:

-Մեկ անգամ նշել եք, որ շատ դժվար է առանց որևէ օգնության կամ էլ առանց որևէ մեկին խնդրելու հաջողություն ունենալ: Գո՞ւցե դա է պատճառը, որ Ձեր մուտքը, թեև անուշադրության չմատնվեց, սակայն հետագա հաջողությունն էլ կարծես շարունակական չեղավ…

-Այո, պետք է խոստովանեմ, որ ինձ մոտ ամեն ինչ շատ մեծ դժվարությամբ է ստացվում, որովհետև չունեմ հովանավոր, պրոդյուսեր: Ծախսատար շոու բիզնեսում շատ դժվար է միայնակ գործելը, իսկ հետագա հաջողությունը դեռ նոր է սկսվելու, սա դեռ իմ առաջին տեսահոլովակն էր (ժպտում է):

-Միաժամանակ, հիշում եմ, որ նախքան «Երանի»-ի պրեմիերան, Երևանում զբոսնելիս հաճախ կարելի էր հանդիպել Ձեր լուսանկարներով պաստառներ…Դրանց հաջորդեցին նմանատիպ խոսակցություններ` «տեսնես ո՞վ է, որ նման PR են անում»: Այս տեսակ խոսակցությունները  Ձեզ էլ էին հասե՞լ:

-Լրատվամիջոցները միշտ իմ կողքին են եղել, ինչի համար նրանց շնորհակալ եմ: Ինչ վերաբերում է իմ PR-ին, դրա համար երբեք որևէ գումար չեմ ծախսել, իսկ այն որ կատարողը, ունենալով ընդամենը մեկ տեսահոլովակ, ուշադրության կենտրոնում է, արդեն լավ է:

-Շարունակելով թեման` հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչիպիսի ընտանիքից եք Դուք, ովքե՞ր են Ձեր ծնողները:

-Իմ ծնողները երաժիշտներ են: Հայրս` Սահակ Գալոյանը, Հայաստանում առաջին ազգագրական` «Զորավար Անդրանիկ» անսամբլի ղեկավարն էր: Ավաղ, նրա մահից հետո չկարողացանք պահել խումբը, իսկ մայրս ժողովրդական երգչուհի է…

-Տեղյակ եմ, որ Ձեր երաժշտական ճաշակի ձևավորման հարցում մեծ ներդրում ունի Ձեր մայրը. նա ի՞նչ տեսակ ազդեցություն է գործում Ձեր երգացանկի  ընտրության վրա:

-Մայրս իմ ամենամեծ քննադատն է, ժողովրդական երգեր ընտրելիս, բնականաբար, խորհրդակցում եմ նրա հետ: Շատ դեպքերում երաժշտական անհամաձայնություններ ենք ունենում, բայց նրանից շատ բան եմ սովորել: Ծնողներիս շնորհիվ ունեմ երաժշտական մեծ պաշար, ինչի համար շնորհակալ եմ:

-Մեկ անգամ նշել եք, որ  Ձեզ համար առաջնահերթ  է ժողովրդական երգը. բոլորս էլ հիշում ենք «Սարի աղջիկը»  Ձեր մատուցմամբ, սակայն ասել, որ այդ տեսակ երաժշտությունը գերակշռում է Ձեր երգացանկում սխալ կլինի, թե՞ դա  թյուր կարծիք է:

-Ժողարվեստն իմ տարերքն է, այն է, ինչ արյանս մեջ է: Կոմերցիոն երգերը պատրաստվում են զուտ ճանաչողություն ձեռք բերելու, մասշտաբային լսարան հավաքելու և գումար աշխատելու նպատակով: Եթե ես չաշխատեմ գումար, հաջորդիվ ոչինչ անել չեմ կարող: Միաժամանակ ունեմ նպատակ այդ ամենին զուգահեռ ժողովրդականը հրամցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել