1in.am-ը գրում է․

IMGA0236

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Լևոն Ավետիսյանի նախագահությամբ բժշկական հարկադրանքի միջոց է կիրառել քրեական օրենքով արգելված արարք կատարած Արմեն Խ.-ի նկատմամբ:

Արմենը անմեղսունակության վիճակում աղջիկ է փախցրել իր եղբոր համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ աղջկան փախցնելու համար Արմենը համաձայնության է եկել այդ աղջկա ընկերուհու՝ մեղսունակ Մարինեի հետ: Մարինեի մասով նույն դատարանում դատական քննությունը շարունակվում է:

Անմեղսունակ ճանաչված Արմենը 25 տարեկան է, ամուսնացած, ունի 2 անչափահաս երեխա:

Գործով տուժող աղջիկը՝ Աստղիկը (անունը փոխված է), հայտնել է, որ 2013 թվականից աշխատել է Կոմիտասի պողոտայում գործող մանկական սրճարանում՝ որպես դայակ:

Նույն սրճարանի մատուցողուհի Մարինե Գ.-ի հետ աշխատանքի ընթացքում մտերմացել է, դարձել են ընկերուհիներ:

Մարինեն մտերմություն է արել հաճախ իրենց սրճարան այցելող Արմենի հետ: Ինքն էլ է մտերմացել Արմենի հետ: Եղել են դեպքեր, երբ Արմենն ու Մարինեն իրեն ուղեկցել են իր վարձակալած բնակարանը:

2014 թվականի ապրիլի 29-ին, ժամը 22-ին ինքն ավարտել է աշխատանքը, գնացել կանգառ, որ տուն գնա: Իր կողքին կանգնել է մի «ԲՄՎ», որի մեջ եղել են Մարինեն ու Արմենը: Նրանք իրեն առաջարկել են տուն ուղեկցել:

Ինքը սկզբում դեմ է եղել, բայց նրանք պնդել են, ինքն էլ նստել է մեքենա՝ ոչինչ չկասկածելով: Ղեկի մոտ եղել է Արմենը, նա մեքենան վարել է Դավթաշենի կամրջի ուղղությամբ, ճանապարհին վերցրել է եղբորը:

Հետո Արմենն ասել է, թե շտապ գործով պիտի հասնեն Թբիլիսյան խճուղի՝ «Շամպայնի մոտ», որ ընկերոջից ինչ-որ բան վերցնի:

Ինքը չի ցանկացել այնտեղ հասնել, պահանջել է, որ իրեն իջեցնեն: Բայց Արմենն ասել է, թե շատ կարճ է տևելու, հետո անմիջապես իրեն տուն կտանեն:

Երբ հասել են Թբիլիսյան խճուղի, և ինքը հասկացել է, որ արդեն Երևանից դուրս են գալիս, հարցրել է, թե ո՞ւր են տանում իրեն:

Արմենը պատասխանել է. «Խելացի աղջիկ ես, լավ էլ հասկացել ես, որ քեզ փախցնում ենք»: Նա ասել է՝ քեզ բարի նպատակներով օջախ ենք տանում…

Ինքն անընդհատ պահանջել է, որ կանգնեցնեն մեքենան, փորձել է զանգել իր հեռախոսով, բայց Արմենը հեռախոսն իր ձեռքից վերցրել է:

Ինքը փորձել է բացել մեքենայի դուռը, իրեն դուրս նետել մեքենայից, բայց Արմենը իր մոտի դուռը փակել է:

Ինքը գոռացել, լաց է եղել, խնդրել է, բայց համոզվելով, որ ամեն բան ապարդյուն է՝ հանգստացել է: Հասել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկը: Այնտեղ իրենց դիմավորել է Արմենի ընկերն՝ ընտանիքով:

Վերջիններս սկզբում կարծել են, թե ինքն իր կամքով է գնացել, բայց երբ տեսել են, որ ինքը գոռում ու լաց է լինում, ասել են, որ չանհանգստանա, իր մազին ոչ ոք չի դիպչի մինչև առավոտ, առավոտն էլ իրեն կուղարկեն Երևան:

Այդ գիշերն անց է կացրել տանտիրոջ հարսների սենյակում:

Առավոտյան այդ տուն է եկել Արմենի մայրը: Նա փորձել է համոզել, որ իրենց հետ վերադառնա Երևան, բայց ինքը չի համաձայնել:

Արմենի մայրը պահանջել է, որ ինքը գրի, թե բողոք չունի՝ ասելով, թե միայն այդ դեպքում կվերադարձնեն իր հեռախոսը:

Ինքը ստիպված գրել է պահանջված թուղթը, վերցրել է իր հեռախոսը, զանգել է հորն ու պատմել է ամեն բան՝ ասելով, թե որտեղ է գտնվում:

Իր նախաքննական ցուցմունքում Աստղիկի ընկերուհի, այս գործով ամբաստանյալ Մարինեն հայտնել է, թե Արմենը հավանել էր Աստղիկին, ցանկանում էր նրան ամուսնացնել եղբոր հետ: Դրա համար որոշել է փախցնել նրան, ինքն էլ համաձայնել է մասնակցել՝ իրենք մեքենայով իբր պատահաբար պիտի անցնեին կանգառի մոտով ու վերցնեին տրանսպորտի սպասող Աստղիկին՝ իբր տուն են տանում…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Արմենի մոտ ի հայտ է բերվել «Ընտանեկան էպիլեպսիա՝ հաճախակի նոպաներով, անձի բնավորության փոփոխություններով… Իրավախախտումը կատարելու պահին նա գտնվել է հիվանդագին վիճակում, չի գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը, զրկված է եղել դրանք ղեկավարելու ունակությունից: Փորձաքննության եզրակացությամբ՝ Արմենը անմեղսունակ է ճանաչվել, նշվել է, որ նա վտանգ է ներկայացնում իր ու հանրության համար և կարիք ունի հսկողության, խնամքի ու հարկադիր բուժման:

Վտանգավորն այն է, որ անմեղսունակության վիճակում գտնվողը մեքենա է վարել, իր գործողությունները ղեկավարելու ունակությունից զուրկ լինելով՝ նա տվյալ պահին «ղեկավարել է» իր եղբորը, մտերմուհի Մարինեին ու փախցվող աղջկան՝ Աստղիկին…

Ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Խ.-ին ազատել է քրեական պատասխանատվությունից, նրա նկատմամբ կիրառել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում հոգեբուժական հիվանդանոցի ընդհանուր հսկողության բաժանմունքում:

Մարինեի մասով նույն դատարանը կշարունակի դատական քննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել