Life.panorama.am-ը գրում է․

«Ես միայն տղայիս չեմ կորցրել… իմ երջանկությունը, իմ կյանքն եմ կորցրել». Երվանդ Ենգիբարյանի մահվան  տարելիցն է

Ուղիղ մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 22-ին, իր 30-րդ աշունը նոր բոլորած՝ կյանքից հեռացավերիտասարդ, տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանը: Հեշտ չէ նրա մասին խոսել առանցզգացմունքայնության, քանզի նա մարդկանց հիացնում ու գրավում էր թե՛ էկրանից, թե՛ բեմից, թե՛կյանքում. արևի պես լուսավոր, միշտ ժպտերես «ՈՍԿԵ ՏՂԱՆ» երեկ կդառնար ընդամենը 31 տարեկան:Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է Երվանդ Ենգիբարյանի մայրիկին՝ Երևանի Կ. Ստանիսլավսկուանվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսորի օգնական Լիաննա Պողոսյանին: Հանդիպեցինք Երվանդի «մոտ», մայրն այնտեղ իրեն զգում էր ավելի խաղաղ, զավակին մոտ:

-Տիկին Լիաննա, ի՞նչ տեսակի զավակ էր Երվանդը:

-Նախ, այնպիսի զավակ էր, ինչպիսին իրեն սպասում էի. առաջին իսկ օրը, երբ զգացել եմ, որ իմ մեջ կա շնչող ինչ-որ արարած, զգացել եմ նաև, որ տղա է: Այդ պահին հասկացա, որ նա լինելու է իմ կիսատ թողած նպատակներն իրականացնողը: 9 ամիս հետո՝ այն վայրկյանից, երբ ծնվեց, լսեցի նրա ճիչը և տեսա նրան՝ զգացի, որ նա լինելու է իմ կյանքը, իմ շունչը, իմաստն իմ կյանքի: 30 տարի ամեն օր ես արթնանում էի երջանիկ, զգում էի այդ երջանկությունը բառիս բուն իմաստով. առավոտ է, արև է, և ես լավ եմ զգում: Ինչո՞ւ: Որովհետև Երվանդ կա: Դեռ փոքրուց, երբ արթնանում ու նրան կողքիս տեսնում էի, ամբողջ հոգով երջանկանում էի, ցնծում: Այդպիսի տղա է եղել. ինձ նվիրել է երջանկություն զգալու իմաստը:

Մանկության տարիներին ինչպիսի՞նն էր՝ հանդարտ, խելոք, թե՞ ավելի ակտիվ էր:

-(Ժպտալով) շատ չարաճճի, ինչքան կարողացել է, ինձ «չարչարել» է… Հետաքրքրասեր երեխա է եղել. դպրոցից փախչում էր՝ երկրորդ հարկից թռչելով: Իր կողքով ոչ-ոք անտարբեր չէր անցնում: Ինքն իրեն մատուցում էր: Դեռ փոքրուց արտիստ էր մինչև ոսկորները: Չէր ցանկանում սովորել, իրեն միայն թատրոնն էր հետաքրքրում: Միշտ ասում էի՝ լավ սովորի, կարդա, այլ թեմաներով հետաքրքրվի: Ասում էր. «Ո՛չ, ինձ դա պետք չէ: Ես բեմն եմ սիրում ու բացի բեմից ուրիշ ոչինչ չեմ պատկերացնում իմ կյանքում: Այն, ինչը ինձ կարող է բեմում պետք գալ, կսովորեմ, իսկ մնացած բաներն ինձ չի հետաքրքրում»: Տան հետ կապված գործերը բոլորովին չէր սիրում, ոչինչ չէր անում տանը: Երբ քայլում էր, լվացվում կամ հաց ուտում, միևնույն է, նրա մտքերը միշտ ուրիշ տեղ էին. զգում էի, որ իր դերն է կրկնում:

-Երևի, բացի հմայքից ու տաղանդից, հենց այդ աշխատասիրության արդյունքն է, որմարդիկ նրան շատ են սիրում, հանդիսատեսի համար անփոխարինելի է:

-Այո, շատ աշխատասեր էր: Երբ մասնակցում էր «Երկու աստղ» նախագծին, յուրաքանչյուր օր՝ առավոտյան, թե ուշ գիշերին, տանը երգում էր, փորձում: Այնպես որ, նա միշտ զբաղված էր, տանը լինելով՝ միշտ «բացակայում» էր: Հիմա ինձ հաճախ են ասում՝ շատերն են կորցնում երեխա, շատերն են կորցնում երիտասարդ… Ես միայն տղայիս չեմ կորցրել, այլ իմ միտքը, իմ երջանկությունը, իմ կյանքը, իմ շունչը… Իմ ամեն ինչը ինքն էր, կարծես իմ մեջ ձուլված լիներ ու ցավեցնելով այդ ձուլումը դուրս հանեն…Երեկ իր ծնունդն էր, այսօր՝ մահվան 1 տարին: Ես չկամ, գոյություն ունեմ միայն ֆիզիկապես: Հանուն իրեն՝ ինձ այս մեկ տարին պահել եմ… Ի՞նչ է լինելու հետագայում, նույնիսկ չեմ էլ պատկերացնում:

-Սիրո՞ւմ էր Ձեզ հետ կիսվել:

-Այո, իր գործնական հարցերը միշտ միասին քննարկում էինք, հաճախ ամբողջ գիշերներ էինք լուսացնում՝ զրուցելով: Կիսվում էր իր դերերի մասին: Տղաս նույնիսկ միշտ նշել է, որ ամենախիստ, «ամենադաժան» և «նյարդայնացնող» քննադատը մայրն է:

-Փաստորեն, այնքան էլ հեշտ չէ, երբ մայր ու զավակ միասին են աշխատում:

-Երբ նոր էր սկսել ներկայացումներ բեմադրել, նույնիսկ ինձ հետ չէր ցանկանում աշխատել, քանի որ շատ խիստ էի ռեժիսուրայի հարցում: Ինքը դեռ նորավարտ երիտասարդ էր, մարդկանց, դերասանների հոգեկան ապրումները բեմի վրա խորությամբ չէր զգում…բայց հետո ասածս ընկալում էր:

-Դուք ռուսերեն լեզվո՞վ էիք տանը շփվում:

-Այո, կարելի է ասել՝ միշտ: Այդ պատճառով էլ Երվանդը շատ լավ ռուսերեն գիտեր: Իրեն հաճախ էին հարցնում, թե արդյոք ռուս էր: Բայց, բնականաբար, հայ է: Պարզապես ես Ռուսաստանում եմ ապրել և հայերենին շատ վատ էի տիրապետում:Երևի այն ժամանակ Աստված կամեցավ ինձ երջանկացնել որպես կին, որպես հայուհի, և Երվանդիս նման կապուտաչյա, գեղեցիկ տղա նվիրել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել