«Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքանյութը կուրացրել է նույնիսկ ազգակցական կապ ունեցող հարազատներին: Այսօր Վարդենիս քաղաքում հորեղբորը մեղադրում են իր հարազատ եղբոր որդու սպանությունը կազմակերպելու մեջ: Թերևս սրանից ավելի դաժան բան դժվար էր պատկերացնել:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության, հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ սպանվել էր 33-ամյա Արման Մանուկյանը: Սպանված Արմանի եղբայրը` Գրիշա Մանուկյանը, դեպքի ժամանակ նրա հետ է եղել և տեսել է, թե ով ինչպես է եղբորը սպանում: Այս գործով կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, իսկ, ահա, Սարգիս Գալստյանը (Ապեր) փնտրվում է: Եվ այսպես՝ դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը այցելեց Վարդենիս քաղաք և զրուցեց սպանվածի եղբոր՝ Գրիշա Մանուկյանի հետ:

Ինչից է սկսվել վեճը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանը վստահեցրեց, որ ողջ պատմության մեծ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը իր որդիների՝ Վարդան և Վահագ Մանուկյանների հետ. «Ամեն ինչ ոսկու հանքերից է սկսել: Մենք որոշեցինք ազգովի մի գործ անել: Աշխատում էինք ոսկու հանքում, ոսկի էինք հանում, կամաց-կամաց իրենք ցանկացան ոսկու հանքից հանքանյութ հանելու գործը կիսենք, էդպես վիճաբանություն եղավ: Ես ասեցի իրենց, որ եթե հանք մտնելու գործը կիսվի, ուրեմն ճիշտ պտի կիսվի, բայց քանի որ սխալ կիսվեց, ամեն ինչ դրանից էլ սկսվեց: Էս ամեն ինչից հասկացա՝ նրանք զենքերով ուզում էին մեզ ոսկի հանելու գործից լարել: Այս կրակոցների ողջ մեղավորը հորեղբայրս՝ Հրաչիկ Մանուկյանն է, առանց նրա խոսքի ոչ մեկ ոչ մի բան չի անի, ես վստահ եմ, որ նա է ասել՝ գնացեք, խփեք, ես պատասխան կտամ»:

Այսպիսով՝ Մաշադու ազգի (այսպես են նրանց ցեղին անվանում Վարդենիսում) ներկայացուցիչները միմյանց ուղղությամբ առաջին անգամը չէ, որ կրակել են: Պարզապես մինչ օրս զոհեր չեն եղել: Գրիշայի պատմելով՝ ինքը մինչ այս դեպքը գնացել, խոսել է հորեղբոր հետ, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծվի. «Ասի՝ հոպա՛ր, որ կրակում են մեր վրա, մարդ են առևանգում մերոնցից, տանում, պահում, սաղ էդ կրակողները քո անունն են տալիս: Հարցրի՝ հոպա՛ր, դո՞ւ ես անում, թե՞ դրանք քո պատվի հետ են խաղում: Հորեղբայրս ձեն չհանեց. միայն ասեց, թե ինձ չի ների, քանի որ իրեն ցանկացել եմ մեքենայի տակ գցել: Ես էլ ասեցի, հա, բայց այնպես չի, որ մենակ ես եմ նման բան արել, մինչ այս դեպքը ուազը պայթացրին, իմ դեմ մահափորձ արեցին: Բայց ես ոստիկանությունում ոչ մեկի անունը չեմ տվել, ասել եմ՝ թող ոստիկանները գնան, պարզեն, իմ հորեղբոր տղերքն են, հո խայտառակ չե՞նք լինելու. ասեի՝ իրենք են ուզում վերացնեն մեզ: Հարցն էլի չլուծվեց: Էլի շարունակեցին զենքերով, շարունակվեց, շարունակվեց, ու վերջը կրակեցին, սպանեցին եղբորս»:

Ըստ Գրիշայի, ոստիկանությունում ինքն այս գործով անցնող մի խումբ մարդկանց անուններ է տվել, որ նրանք հանրապետությունից չփախչեն, մինչև հասկանա, թե ինչ է լինելու. «Ասել եմ, թե ովքեր են Հրաչի բանդայի անդամները` Վահագ և Վարդան Մանուկյանները, որոնք իր որդիներն են, Կարեն Մանուկյանը, Սարգիս՝ Ապեր Գալստյանը, Սասուն Կարապետյանը, Հովոն, Ռուբոն, Մարտոյի Սուրենը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել