«Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդադական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետքէ լինեն նաև «ժողովրդական» դատավորներ, դատախազներ և դահիճներր, և այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել և այլն:

Եթե պետք է ստեղծվեն «ռևկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդավարական արդարադատություն» իրականացնելը, ապա, վախենամ, նրանք միայն իշխանավորներով չեն սահմանափակվի:

Երբ ոչնչացվում են «թշնամիները», դրանցից հետո «պատժիչ սուրը» փառքով պատյան չի դրվում, հերթը հասնում է նաև յուրայիններին՝ սկզբում ոչ այնքան մոտիկ յուրայիններին, հետո ոչ այնքան լոյալ յուրայիններին, հետ էլ ամենամոտիկներին:

Եթե «հեղափոխական ռոմանտիզմի» դրսևորումները կարելի է որակել որպես մեր երիտասարդ պետականության հասունացման հիվանդության անխուսափելի դրսևորում, ապա իշխանության ձգտումը՝ ամեն ինչ բացատրել արտաքին թշնամու դավերով, «քյարթու» խորհրդային սովորություն է:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր ելույթներից սկզբում Արևմուտքի փողերի, իսկ հիմա արդեն՝ Ադրբեջանի նավթադոլարների հոտ է առնում: Նման մերկապարանոց մեղադրանքները 20 տարի է՝ կրկնվում են իշխանության կողմից՝ դուք մեր մասին վատ բան մի ասեք, դրանովդուք ջուր եք լցնում թշնամու ջրաղացին: Ընդդիմախոսի մեջ տեսնել թշնամի՝ վատ է: Նրա մեջ տեսնել քո պետության հակառակորդի վճարովի գործակալին՝ պարզապես ահավոր է»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել