maxresdefault

1in.am-ը գրում է.

Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնմանը, նշեց, որ ամենամեծ սպառնալիքը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խորացող ռազմական համագործակցությունն է:

«Ռազմավարական զենք տալով Ադրբեջանին՝ Ռուսաստանն իրական սպառնալիք է ստեղծում Հայաստանի, ներառյալ՝ Արցախի համար: Մենք տեսել ենք, թե ինչպես օգտագործվեց խորհրդային տարիներին կուտակված զենքը 1980-ականների վերջին և 90-ականների սկզբին: Հայաստանը ճկուն քաղաքականություն էր վարում 2000-ականների սկզբին, ինչը թույլ էր տալիս թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, թե՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ ստեղծել հակակշիռների մեխանիզմ և օգուտներ ունենալ ազգային պաշտպանության, պաշտպանական բարեփոխումների առումով: Ցավոք, այսօր մենք ավելի ու ավելի ենք կորցնում ինքնիշխանությունը, ինչը հարվածում է հայությանը նաև պաշտպանական տեսանկյունից»:

Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը կորցրել ենք՝ անդամակցելով մեկ հեգեմոնով վերազգային կառույցի: Ինքնիշխանության կորուստը ծանր հետևանքներ է ունենալու բոլոր առումներով՝ ռազմական, տնտեսական և այլն: Պակասելու են օտարերկրյա ներդրումները, Հայաստանը զրկվելու է որևէ գործոն լինելուց, որևէ տարածաշրջանային քաղաքականության մեջ դեր ունենալուց, վերածվելու է օտար երկրի համար ռազմաբազայի տարածքի… ընդամենը»:

Հարցին՝ ինչ կարող են անել Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, որ ստիպեն Ռուսաստանին հետ մնալ զենք վաճառելու քաղաքականությունից, Հայկ Խանումյանը նշեց. «Առաջինը, որ պետք է անեն ՀՀ և Արցախի իշխանությունները, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դեպքում հստակ բողոքի արտահայտումն է: Այս ընթացքում մենք թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ պաշտոնական Ստեփանակերտի կողմից Ռուսաստանի քայլն արդարացնող բազմաթիվ մեկնաբանություններ ենք լսել: Մեկ-մեկ տպավորություն է ստացվում, թե այդ մեկնաբանություններ անողները մաս են կազմում ռուսական գործակալական ցանցին կամ ուղղակի ռուսական կրեատուրա են: Հայկական կողմից հստակ բողոքը կարող է ռուսական կողմին զսպել Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության հարցում»:

Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, Ռուսաստանի որոշում ընդունողների, վերլուծական շրջանակների մեջ պետք է ակտիվ լոբբինգ անել:

«Այսօր Ադրբեջանում դավանաբանական հողի վրա զարգացումներ են տեղի ունենում, ինչը չի բացառում այն սցենարը, որ Բաքվին վաճառված զենքը հայտնվի իսլամիստ-ծայրահեղական շրջանակների մոտ, որոնք սպառնալիք են ոչ միայն Ալիևի ռեժիմի, այլև՝ Ռուսաստանի համար: Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին զենք, որը հնարավոր զարգացումների դեպքում կարող է շրջվել իր դեմ՝ վտանգի տակ դնելով ամբողջ Հյուսիսային Կովկասը»:

Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը ինչ վտանգներ ունի՞ հարցին, զրուցակիցս նշեց, որ Հայաստանի ինքնիշխանության մակարդակի իջեցումն արդեն իսկ վտանգ է Արցախի համար:

«Վտանգ է, երբ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն է խոստովանել չեխիահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մեկ գիշերում արտաքին ճնշման տակ որոշումներ է ընդունում: Սերժ Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ լինելը ողբերգական կարող է լինել նաև Արցախի համար: Միգուցե մի գիշեր էլ Արցախի վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի: Իր ոչ լեգիտիմությունը Սերժ Սարգսյանը փորձում է լրացնել այս կամ այն գերտերությանը հաճելի փաստաթղթի ստորագրմամբ: Հենց սա է Երևանին, Ստեփանակերտին, ողջ հայությանը սպառնացող լրջագույն մարտահրավերը»,- հավելեց Հայկ Խանումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել