«Երեկ հրապարակվել է կառավարության պատասխանը՝ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ոչ իշխանական ուժերից քառյակն այս տարվա հունիսին հրապարակելով այդ 12 պահանջները՝ դրանք կատարելու համար վերջնաժամկետ էր սահմանել սեպտեմբերի 30-ը՝ այդպես էլ չնշելով, թե ինչ է պատրաստվում անել, եթե կառավարությունը չկատարի դրանք:

Կառավարության պատասխանն ընդամենը այն բանի ֆորմալ արձանագրումն է, ինչն առանց այն էլ պարզ էր նույն հունիս ամսին: Պարզ էր բոլորին, բացի քառյակի ներկայացուցիչներից, որոնք չորս ամիս ծախսեցին հասարակությանը համոզելու համար, թե իրենց ճնշման տակ իրենց իսկ ջանքերով ձևավորված կառավարությունը կկատարի իրենց պահանջները: Ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ պահանջների շարադրանքն ընդամենը արհեստական, կեղծ օրակարգ էր քառյակի համար՝ այդ ձևաչափը պահպանելու և թեժ աշուն խոստանալու համար:

Արհեստական էր ոչ միայն ու գուցե ոչ այնքան պահանջների բովանդակության տեսանկյունից, որքան այն պատճառով, որ քառյակն այդպես էլ չէր ու չի որոշակիացրել, թե ինչ է անելու դրանց չկատարման դեպքում: Տրամաբանությունը հուշում է, որ քառյակն ի սկզբանե պետք է հայտարարեր, որ իր ներկայացրած պահանջների չկատարման դեպքում պահանջելու է նախագահ Սերժ Սարգսյանի կամ առնվազն կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:

Բայց քառյակը/եռյակը մինչև այսօր նման պահանջներ չի բարձրացնում, և քիչ հավանական է, որ կբարձրացնի հոկտեմբերի 10-ի հանրահավաքում: Այսպիսով՝ Հովիկ Աբրահամյանը կառավարության պատասխանով քառյակին դնում է երկընտրանքի առաջ՝ կամ հրաժարականի պահանջներ ներկայացնել, կամ դադարեցնել քառյակի ձևաչափն ընդհանրապես»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել