Tert.am-ը գրում է․

Հայ կոմպոզիտոր Սասուն Պասկևիչյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր ստեղծագործական ուղին՝ անկեղծացավ. «Իմ երգը հենց ես եմ, իմ կյանքը՝ որով և որտեղ ապրում եմ»: «Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է, և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ, պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել բարոյականության նորմերից»,- նշեց նա: Կոմպոզիտորը վստահ է՝ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի և ազգային մշակույթը, մասնավորապես՝ երգը, պետք է ծառայի ազգին, ինչին և փորձել է հավատարիմ մնալ:

-Պարո՛ն Պասկևիչյան, եթե ամփոփենք Ձեր ստեղծագործական աշխատանքը, ո՞րն է այն հիմնական ուղերձը, որ փորձել եք հաղորդել Ձեր երգերի միջոցով։

-Շուրջ 5 տասնամյակ է ստեղծագործում եմ` չափածո, արձակ, նաև հորինում եմ երգեր: Թերևս անհամեստություն համարվի, բայց իմ երգը ես ինքս եմ` իմ էությունն է, ներաշխարհը, հայրենիքը, հայրական օջախը, դաստիարակությունը, կրթությունը, իմ ընտանիքը, շրջապատը, միջավայրը, միով բանիվ` իմ երգն իմ կյանքն է ` որով և որտեղ ապրում եմ: Ստեղծագործողի համար իր ստեղծագործությունն իր երեխան է և այդ երեխան, իմ համոզմամբ, նախևառաջ պետք է բարոյական լինի, իսկ բարոյականությունը կյանքի հիմնասյուներից մեկն է: Իմ ստեղծագործության մեջ ես փորձել եմ չշեղվել մարդկային բարոյականության նորմերից: Անհրաժեշտաբար պետք է մեջբերեմ Նժդեհի մեկ խոսքը` «Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է: Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի ու մեծության»: Ինքս բազմիցս եմ ասել, որ երաժշտական ճաշակի և ազգային անվտանգության միջև ուղիղ կապ գոյություն ունի: Այսպիսով, ազգային մշակույթը, ի մասնավորի երգը, ինքնին պետք է ծառայի ազգին: Իմ երգերով ես փորձել եմ հավատարիմ մնալ ազգային մշակույթին: Եվ ես շատ երջանիկ կլինեմ, եթե իմ երգերից թեկուզ մեկը դառնա կամ համարվի համամարդկային արժեք:

- Ինչպե՞ս է ընթացել Ձեր ստեղծագործական ուղին: Տարբերություն տեսնո՞ւմ եք Ձեր նոր ստեղծագործությունների և հների միջև՝ հաշվի առնելով ժամանակի ազդեցությունը։

-Իմ ստեղծագործական կյանքը 3 փուլ ունի: Սկսել եմ երգեր հորինել հիմնականում 60-ականների վերջերից, և ինքս էլ կատարում էի ընկերներիս համար: 1970-ին ստեղծվեց «Դու հեռացար, քեզ մոռանալ չի լինի» երգը, որը, ի զարմանս ինձ, անմիջապես տարածվեց, ընդունվեց ու սիրվեց հանրության կողմից՝ և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում, իսկ երբ 1974-ին այն հնչեց Հայաստանի ռադիոյով ու հեռուստատեսությամբ՝ անզուգական երգչուհի Բելլա Դարբինյանի մեկնաբանմամբ, ես հասկացա, որ երգերս իրենցից ինչ-որ արժեք են ներկայացնում: Իմ երգերն սկսեցին երգել ժամանակի հանրահայտ այլ երգիչներ` Ռաիսա Մկրտչյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Լոլա Խոմյանցը, Արտաշես Ավետյանը, Գեորգի Մինասյանը և ուրիշներ: Մինչև 1980-ի մայիս ամիսը Հայաստանի ռադիոյի ձայնադարանում իմ երգերից ավելի քան 40 երգ կար, որոնք արգելվեցին ու անհետացան, երբ ես ընտանիքով մշտական բնակության մեկնեցի Լոս Անջելես, ուր ապրեցի 24 տարի (1980-2004թթ.): Այնտեղ հիմնականում զբաղվում էի լրագրությամբ, իսկ 1989-ին կնոջս` Գայանե Դավթյանի հետ միասին հիմնադրեցի ու մինչև հայրենիք վերադառնալս՝ ղեկավարեցի տեղի TeleARMENIA հեռուստաժամն ու «Հայաստան» մշակութային կենտրոնը, որոնք բացառապես զբաղվում էին ազգապահպան և ազգանպաստ գործունեությամբ: Այդ տարիներին ընդամենը 2-3 երգ եմ ստեղծել. այդպիսին է եղել 2-րդ փուլը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել