Esem.am-ը գրում է․

ESem.am-ը շարունակում է հայտնիներին ներկայացնել նրանց մայրիկների աչքերով:) Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Շուշաննա Թովմասյանի մայրիկի` տկն Ազատուհու հետ, ում փոխանցմամբ, Շուշաննան բավականին հանգիստ, հավասարակշռված, սուսիկ-փուսիկ երեխա է եղել:

«Շատ էր սիրում խաղալ, կարող էր ժամերով հանգիստ խաղալ: Իր անկյունն ուներ, խաղալիքները շարում էր, դուռը փակում, որ իրենք չխանգարենք ու սկսում էր խաղալ, զրուցել իր խաղալիքների հետ,- հիշեց դերասանուհու մայրն ու հավելեց-Մինչ օրս էլ, երբ Շուշաննան տանն է, եթե իրեն ձայն չտամ, չենք էլ նկատի, որ տանը մարդ կա»: Տկն Ազատուհին նշեց, որ չնայած այդ ամենին` դուստր ինքնամփոփ չի եղել: «Շուշաննային չճանաչող մարդիկ կարող են կարծել, թե նա սուսիկ-փուսիկ, քիչ շփվող մարդ է, իրականում իրեն հարազատ մարդկանց շրջապատում նա չափազանց ակտիվ ու շատախոս է, անսպառ խոսում է ու ստիպում է, որ նստես, իրեն նայես, ոչ թե գործ անելով իրեն լսես:)»,- նշեց մայրը:

Դստեր մանկությունից տկն Ազատուհին հիշեց, որ փոքր տարիքում նա բավականին լացկան է եղել. «Կարպրիզներ չի ունեցել, բայց երբ ինչ-որ բան ուզում էր, ու մենք դա չէինք անում, լուռ, մի տոնի վրա լացում էր»:

Զրույցի ընթացքում դերասանուհու մայրն անընդհատ տիկնիկ էր անվանում նրան, ինչն ունի իր նախապատմությունը. «Նոր ծնված ժամանակ Շուշաննան թխամորթ էր, բոլորս զարմացել էինք, թե ինչպես է ստացվել, որ մեր տղան սպիտակամորթ է, աղջիկը` թուխ: Քառասունքից դուրս գալուց հետո փոխվեց ու մանկուց սլավոնական արտաքին ուներ, մանավանդ փոքր տարիքում տիկնիկի տեսք ուներ»:

Մայրը նշեց, որ ինքն այն մանկապարտեզի տնօրենն էր, ուր հաճախել են իր երեխաները: «Բոլորը շատ էին սիրում Շուշաննային, սակայն ոչ որովհետև տնօրենի երեխան է, պարզապես տիկնիկի պես սիրելով ձեռքից ձեռք էին տանում: Ինքն էլ, առիթից օգտվելով, քնելու ժամին չէր ցանկանում քնել բոլոր երեխաների հետ, լացում էր: Դայակները գալիս, ասում էին` չի քնում, բերենք կաբինետում մնա ու այդպես հասնում էր իր ուզածին»,- հիշեց մայրը:

Թեև Շուշաննան բավականին հանգիստ երեխա է եղել, մանկական քաջագործություններ նա էլ է արել :) 5-6 տարեկանում դերասանուհին շատ է ցանկացել մազափունջ ունենալ, սակայն ծնողները չեն թույլատրել: Շուշաննան որոշել է չհանձնվել ու ինքնագործունեություն սկսել, արդյունքում բավականին կարճ մազափունջ է ունեցել:) «Ես ու ամուսինս նկատեցինք, որ նա կտրել է մազերը ու նիվիդիմկաներով քողարկել է կտրածը: Հայրը կանչեց, ասաց` բալես արի տեսնեմ ի՞նչ ես արել մազերդ, չոլկա՞ ես կտրել, պատասխանեց` չէ, պապա, չեմ կտրել: Ես ու հայրն իրար աչքով արեցինք, ու հայրը զայրացած տոնով ասաց` չե՞ս ամաչում, էս ի՞նչ ես արել, բա պուճուր երեխան սենց բան կանի՞: Շուշաննան քիթը կախեց ու ոչ մի կերպ չխոտովանեց, որ  մազերը կտրել է: Զգացինք, որ հիմա սկսելու է լացել, հայրը փոխեց քաղաքականությունը, ասաց` դե լավ կտրել, կտրել ես, ի՞նչ ես ուզում դառնալ: Շուշաննան ասաց` մոդել ու սկսեց թիթիզանալով քայլել, ասաց` պապ, որ մեծանամ, կթողնե՞ս մազերս ներկեմ, ֆենեմ շպարվեմ… հայրն ասաց, այ որ մազերդ կտրած չլինեիր, կֆենեիր: Մեկ էլ Շուշաննան ասաց` հա պապա, ոչինչ, ես ուզում էի սիրուն կտրեի, թեք եղավ ու այդպես միայն խոստովանեց, որ կտրել է մազերը»,- պատմեց մայրն ու հավելեց, որ աղջիկը կտրած մազերը պահել էր ննջարանի պահարանի խորքում, որ ինքը չտեսնի:

 

Մի ուրիշ անգամ Շուշաննան մի լավ վախեցրել է մայրիկին: Հոր մահվանից հետո, երբ մայրն աշխատանքի էր գնում, քույր ու եղբայր մենակ էին մնում տանը: «Ես պարբերաբար զանգահարում էի, տեսնեի ինչպես են: Մի օր զանգեցի, պատասխան չկար, խնդրեցի, որ հարևանը դուռը թակի, իմանա` Շուշաննան ինչո՞ւ չի պատասխանում: Դուռն էլ չէր բացել, տղաս էր եկել տուն, սակայն չէր կարողացել դուռը բացել, որովհետև բանալին ներսից մեջն էր, ինչը նշանակում էր, որ Շուշաննան տանն է: Ես արդեն այնքան վատ էի, որ արդեն չէի էլ կարողանում աշխատանքից գալ տուն, չնայած բավականին մոտ էր: Ի վերջո, հարևանը պատշգամբից մտնում է տուն, ու պարզում, որ Շուշաննան ընդամենը քնած էր»,- հիմա արդեն ծիծաղելով հիշեց մայրը: Նրա խոսքով` դուստրը մինչև հիմա էլ սիրում է քնել: «Ի դեպ, նույն դեպքը նույն սցենարով կրկնվել է նաև մեկ տարի անց»,- ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել