Lurer.com-ը գրում է.

24 տարի առաջ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը կազմված էր 12 կետից, որոնք հռչակում էին անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հայաստանի Անկախության հռչակագիրը ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը՝ որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից:

Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Լուրեր.com-ը շնորհավորում է ողջ Հայ Ժողովրդին` Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ: Կեցցե Ազատ և Անկախ Հայաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել