Մեծ Բրիտանիայի «ապտակը» ԱդրբեջանինPanorama.am-ը գրում է.

Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին կայացած անկախության հանրաքվեի արդյունքներով քվեարկությանը մասնակցած բնակիչների կեսից ավելին` 55%-ը, դեմ արտահայտվեց Միացյալ Թագավորությունից անկախանալուն: 

Ի սկզբանե հանրաքվեն մեծ միջազգային արձագանք էր առաջացրել` հատկապես Եվրոպայի այն շրջաններում, որտեղ օրակարգային խնդիր է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: Որպես այդպիսի շրջաններ` կարելի է նշել Կատալոնիան, Բասկերի երկիրը, Կորսիկան, Գագաուզիան: Վերջիններիս համար Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հիմնական արժեքը նախադեպային դառնալու հավանականությունն է: 

Հանրաքվեի կարևորությունը մեծ է նաև հետխորհրդային տարածքում, որտեղ որպես կանոն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ավելի շուտ ընկալվել է «իբրև տարածքի կորուստ», հետևաբար այդ իրավունքի իրացումը գրեթե միշտ հանդիպել է «կենտրոնի» կողմից բիրտ ուժի հակադրության: Ուստի պատահական չէ, որ վերստին ակտիվացան քննարկումներն այն մասին, որ թե ինչ կտա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին շոտլանդական հանրաքվեի անցկացումը: 

Այս առումով նախևառաջ նկատենք, որ իրավական տեսանկյունից նախադեպայնության մասով Շոտլանդիայի անկախության հանրաքվեն առանձնապես ոչինիչ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մեկ պարզ պատճառով, որ Արցախի անկախությունն արդեն իսկ իրականացված գործընթաց է, իսկ բանակցային ձևաչափում էլ լիարժեքորեն ապահովված է իրավական հիմքը: 

Սակայան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում շոտլանդական հանրաքվեն կարևոր է նրանով, որ ձևավորվեց նախադեպ, երբ «կենտրոնը»` տվյալ դեպքում Մեծ Բրիտանիայի իշխանությունները, որևէ խոչընդոտ չստեղծեցին շոտլանդացիների ազատ կամարտահայտման համար: Հատկանշական է, որ տարիներով դեմ լինելով շոտլանդացիների անկախացմանը` արդեն մեկ տարուց ավել տևող հանրաքվեի նախապատրաստական փուլում պաշտոնական Լոնդոնը հակափաստարկներ ներկայացնելուց և Շոտլանդիայի ինքնավարությունը բարձրացնող լիազորություններ շնորհելու մասին հայտարարություններից բացի ոչ մի բռնի գործողություն չձեռնարկեց: 

Արևմտյան հանրույթի ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայի կողմից սա իրական քաղաքական և քաղաքակրթական «դաս» էր` ուղղված այնպիսի պետություններին, ինչպիսին Ադրբեջանն է, որը 90-ականների սկզբին ինքնորոշման միջոցով իր ճակատագիրը որոշել ցանկացող արցախցիներին պատասխանեց էթնիկական զտումներով, զանգվածային կոտորածներով, տեղահանությամբ և ի վերջո պատերազմով: 

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել