Ցեղասպանության զոհերը կսրբադասվեն 2015 թ-ի ապրիլինArmnewsTV.am-ը գրում է.

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը մեկնարկեց հայկական գլոբալ խնդիրների վերհանումով ու դրանց լուծման ճանապարհների մատնանշմամբ: Հարցերի հարցը` Հայոց ցեղասպանության ճանաչումն է ու թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հայ ազգի ոտնահարված իրավունքների նկատմամբ անտարբերությունը որակեց ազգային դավաճանություն: Նորին Սրբությունը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու հատուցման գործընթացը պետք է տեղափոխել իրավական դաշտ: Հենց այդ պատճառով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երիտասարդ հայ ընտանիքներին կոչ արեց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին շատ զավակներ ունենալ և ամրապնդել ընտանիքները: Վեհափառ հայրապետը հայտնեց, որ եկեղեցին պատրաստվում է ցեղասպանության զոհերին սրբադասել 2015-ի ապրիլին:

Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Հայաստանի ներքին եւ արտաքին հիմնական խնդիրները, ընդգծելով, որ Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված, Թուրքիան շրջափակման մեջ է պահում երկիրը, իսկ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը, թույլ չեն տալիս լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: 

Օգոստոսյան սահմանային միջադեպերը մտահոգել են համաժողովի բոլոր մասնակիցներին: Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի ձեւակերպմամբ, այս տարվա հրադադարի խախտումները 94թ-ից հետո ամենակոպիտ դրսևորումներն էին: Հայկական կողմի համարժեք պատասխանից հետո ադրբեջանական բանակը նահանջել է, Հայկական բանակն ապացուցել է իր մարտունակության մարձր մակարդակը:

Համաժողովի մասնակիցները կարեւորեցին հայկական երկու հանրապետությունների ու Սփյուռքի համակարգված աշխատանքը Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի ճանաչման, Սիրիայի և Ուկրաինայի հայերին օգնելու, Հայաստանի սոցիալ տնտեսական պայմանները բարելավելու գործում:

Տեսանյութը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել