10194909141in.am-ը գրում է․

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ Բաքվում գրեթե սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ Արևմուտքը իր գործողություններով մերձեցրել է Մոսկվային ու Բաքվին: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը հայտարարել է, որ Արևմուտքը սխալ է արել Ռուսաստանին պատժամիջոցների ենթարկելով, և որ Ռուսաստանին ծնկի չես բերի նման միջոցներով: Ինչպես երևում է, ռուս-ադրբեջանական մեղրամիսը հասնում է գագաթնակետին, և արդեն իսկ և՛ Մոսկվայի և՛ Բաքվի կատարմամբ հնչում են նման գրեթե բաց տեքստով հակաարևմտյան հայտարարություններ:

Եվ այստեղ երկու կարևոր հարց է առաջ գալիս նմանօրինակ պահվածքի պայմաններում: Ե՛վ Բաքուն, և՛ Մոսկվան ունեն, այսպես ասած, իրենց «քաղցր զույգերը»՝ Անկարան և Երևանը: Այս տեսանկյունից, Բաքվում ռուս-ադրբեջանական նմանօրինակ հայտարարությունները հարց են առաջացնում՝ միանո՞ւմ են այս հայտարարությունների, այսպես ասած, տառին ու ոգուն Անկարան և Երևանը: Խնդիրն այն է, որ Անկարան Բաքվի դաշնակիցն է, Երևանը՝ իբրև թե Ռուսաստանի, կամ իբրև թե Ռուսաստանը Երևանի դաշնակիցն է:

Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն սկսում են խաղ Արևմուտքի դեմ, և Ռոգոզինի հայտարարությունն, ըստ էության, հենց սրա մասին է: Իսկ Ադրբեջանը կարծես թե այս կապակցությամբ որևէ առարկություն ոչ միայն չի ներկայացրել, այլև Էյուբովի հայտարարությունը վկայում է, որ նույնիսկ հավանության է արժանացրել Ռոգոզինին: Անկարայի խնդիրը մի կողմ, իրավիճակը չափազանց հետաքրքրական է Հայաստանի պարագայում:

Եթե Հայաստանը, այսպես ասած, հավատարիմ է մնում ՌԴ հանդեպ «դաշնակցային», իսկ իրականում վասալային պարտավորություններին, ապա Հայաստանն, ըստ էության, այս կամ այն կերպ միանում է ռուս-ադրբեջանական հակաարևմտյան խաղին, ինչով վերջնականապես հայտնվում է ծուղակում, և ըստ էության` ժամանակի հարց է, թե երբ են Մոսկվան ու Բաքուն լուծելու Հայաստանի հարցերը և ինչ համամասնությամբ:

Անկարան էլ, ըստ էության, այդ գործընթացից իր բաժինն ակնկալելու համար է միանալու ռուս-ադրբեջանական այս խաղին, որպեսզի երբ հերթը գա Հայաստանի բաժանմանը կամ Հայաստանի միջոցով հերթական անգամ Կովկասի վերաբաժանմանը, ապա իր չափաբաժինը պահանջելու իրավունք ունենա:

Իհարկե, մենք հույս ունենք, որ ելնելով իր շահերից ու անվտանգության պատկերացումներից, Արևմուտքը թույլ չի տա իրականացնել այս պլանները և ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակին թույլ չի տա բաժանել Կովկասը: Եվ այստեղ, իհարկե, ակնհայտ է, որ Հայաստանի շահերն ուղղակիորեն համընկնում են Արևմուտքի շահերին, համենայնդեպս` քանի դեռ Արևմուտքը զբաղված է լինելու ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակին խանգարելու գործով և իր հերթին մարտահրավերներ չի դնելու Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ, սակայն, խնդիրն այն է, որ եթե Հայաստանն ինքը որևէ իրական քայլ, հաստատուն, կամային քայլ չի կատարելու իր շահերը պաշտպանելու ուղղությամբ` արդյունավետորեն համագործակցելով Արևմուտքի հետ այս հարցում, մեծ է վտանգը, որ Հայաստանի բախտը ոչ թե կբերի՝ որ Արևմուտքը ուզում է խանգարել ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակին, այլ Հայաստանն այս դեպքում պարզապես կարող է դիտվել որպես խանգարող հանգամանք:

Ըստ էության, միջազգային քաղաքականության մեջ այդպես է, եթե անգամ իրադարձությունները զարգանում են նպաստավոր սցենարով: Եթե որևէ զարգացումների դեպքում տվյալ սուբյեկտը չի ցուցաբերում իր շահերի հանդեպ հավատարմություն և սպասարկման ունակություն, այլ սպասում է, որ գերտերությունների պայքարում այս կամ այն դասավորությամբ ինքը կշահի, ապա այդ սուբյեկտը աստիճանաբար վերածվում է խանգարող հանգամանքի բոլոր կողմերի համար:

Ներկայումս, ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակի համար Հայաստանն արդեն վերածվել է խանգարող հանգամանքի: Ճակատագրական սխալ կլինի այն, որ Հայաստանն իր անգործությամբ կամ շարունակական ոչ ադեկվատությամբ նման հանգամանքի վերածվի նաև Արևմուտքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել