GalaTV.am-ը գրում է.

Բազմաթիվ լեգենդներ կան Մատրյոշկայի ծագման մասին: XIX դարի վերջում Ռուսաստանում հայտնվեց Ճապոնիայից բերված բուդդայական սուրբ Ֆուկուրումայի արձանիկը, որն իրենից ներկայացնում էր իրար մեջ դրված 5 օրինակներ:

Փայտագործ խառատ Վասիլի Զվյոզդոչկինը փայտից պատրաստեց նմանատիպ արձանիկներ, որոնք նույնպես դրվում էին իրար մեջ, իսկ նկարիչ Սերգեյ Մալյուտինը նրանց հատուկ նախշերով նկարազարդեց: Առաջին տիկնիկի վրա պատկերված էր աղջիկ`ռամկական  քաղաքային կոստյումով,  եւ ինքը խաղալիքը բաղկացած էր ութ կտորներից:

Ըստ առաջին լեգենդի՝ «Մատրյոնա»  անունն այն ժամանակ լայնորեն տարածված էր, այստեղից էլ ծնունդ առավ «Մատրյոշկա» անունը:

Երկրորդ լեգենդն ասում է, որ ռուսական Մատրյոշկա տիկնիկի նախատիպն ունի հնդկական արմատներ: Սկզբնաղբյուրը թվագրվում է հին հնդկական իմաստուն Դարումային (սանսկրիտ – Bodhidharma), որը V դարում տեղափոխվել է Չինաստան: Դարուման կոչ էր անում ճշմարտության ըմբռնմանը հասնել լուռ հայեցողության`զննման միջոցով, իսկ իրար մեջ դրվող փայտե տիկնիկները նպաստում էին դրան: Հետաքրքիր զուգադիպություն է Մատրյոնա (Մատրյոշկա) անվան ու հին հնդկական, իսկ ավելի ճիշտ արիական matri (մայրը) բառերի միջեւ: Հնդկական (Vedic) դիցաբանության  մեջ աստվածային մայրն անձնավորում էր բնության ստեղծագործական ուժերը: Matri-ն  դիտվում էր որպես կանացի ստեղծագործական էներգիայի անձնավորում մեծ աստվածների`Բրահմայի, Շիվայի, Սկանդայի, Վիշնուի, Ինդրայի եւ այլոց հետ: «Մատրյոշկան» նույն ինքը «մայրն» է, որը խորհրդանշում է, ըստ էության, ընտանիք. բաղկացած է տարբեր քանակության այլ արձանիկներից, որոնք խորհրդանշում են տարբեր տարիքի երեխաների:

Ըստ երրորդ լեգենդի` տիկնիկները հայտնի են եղել շատ ավելի վաղ: Որոշ հին հնդկական ավանդություններ այս աստվածային արձանիկների ծագումը վերագրում են մ.թ.ա. երրորդ հազարամյակին եւ կապում են դրանց հին հնդկական նախահայրենիքի հետ, որը  գտնվել է ժամանակակից Ռուսաստանի տարածքում: Սանսկրիտերենից` արիացիների նախալեզվից թարգմանած` «Mat-r sh-ka» դա «Մայր Ռիսշիի-կի»-ն է կամ «Ուրախ իմաստունների մայր», «Ռիսշիի`Ռոսշիի աստվածուհի»: Հավանաբար սա է պատճառը, որ Մատրյոշկան անմիջապես ձեռք բերեց աննախադեպ ճանաչում աշխարհում որպես ռուսական ժողովրդական արվեստի խորհրդանիշ:

Կա կարծիք, որ եթե Մատրյոշկայի ներսում տեղադրեն  գրություն` ցանկությամբ, ապա այն անպայման կկատարվի:

Մատրյոշկան բարեկեցություն է, ջերմություն եւ հարմարավետություն տանը: Դա փիլիսոփայական մշակույթ է, մեկը մյուսի մեջ թաքնված, ամփոփված ճշմարտություն, եւ որպեսզի գտնեն էությունը, պետք է բացեն բոլոր «գլխարկները»: Միգուցե հենց սրանում է ռուսական այս հրաշալի խաղալիքի ճշմարիտ իմաստը:

Այսպիսով, չնայած Մատրյոշկայի ծննդավայրը համարվում է Ռուսաստանը,  ամենամեծ տիկնիկը գտնվում է չինական Մանջուրիա քաղաքում, որտեղ կառուցված է ավանդական ռուսական արվեստի իրական կենտրոն`«Մատրյոշկա» հրապարակով: Այս այգին տեսել են Մանջուրիա եկած բոլոր զբոսաշրջիկները: Այգու կենտրոնում գլխավոր Մատրյոշկան է, որի բարձրությունը կազմում է ավելի քան 30 մ: Նրա վրա պատկերված են չին, մոնղոլ եւ ռուս աղջիկներ, որոնք խորհրդանշում են իրենց երկրները: Այս Մատրյոշկան գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն տիկնիկ: Մատրյոշկան խորհրդանշում է չինա-մոնղոլա-ռուսական բարեկամությունը, չէ՞ որ չինական Մանջուրիա քաղաքը գտնվում է Ռուսաստանի եւ Մոնղոլիայի խաչմերուկում:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել