Untitled-1

1in.am-ը գրում է.

Օրեր առաջ «Ժողովուրդը» գրել էր, որ Գալուստ Սահակյանն ուզում է Ալրաղացի Լյովիկին՝ Լևոն Սարգսյանին, դարձնել իր խորհրդական: Այդ որոշումը կլինի շատ ճիշտ որոշում: Եթե Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ, եթե Լիսկան վերադառնում է մարզպետի պաշտոնին, ինչո՞ւ պետք է Ալրաղացի Լյովիկը դուրս մնա պետական կառավարման բուրգից, որի վերարտադրության հարցում ամենամեծ ներդրում ունեցողներից մեկն է՝ բոլոր առումներով:

Լյովիկը պառլամենտից դուրս մնաց հայտնի միջադեպից հետո, երբ նրա թիկնապահները սխալմամբ դաժանաբար ծեծել էին մի ՀՀԿ-ական երիտասարդի և սպանել նրան: Լյովիկի թիկնապահները շատ կարճ ժամանակ հայտնվեցին բանտում, իսկ հետո ազատ արձակվեցին: Լյովիկն էլ, ըստ էության, մի որոշ ժամանակ հեռացվեց հանրության ուշադրության կենտրոնից, սակայն, իհարկե, մնալով Սերժ Սարգսյանի ֆավորիտներից մեկը:

Սակայն 2014 թվականի ապրիլին տեղի ունեցավ շրջադարձային նշանակության իրադարձություն: Հայաստանի հուժկու «ընդդիմության» անմնացորդ և հետևողական պայքարի արդյունքում տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, որի արդյունքում էլ կառավարության ղեկը ստանձնեց Հովիկ Աբրահամյանը, և Հայաստանում տեղի ունեցավ քրեաօլիգարխիկ համակարգի բյուրեղացում: Համակարգը, որը ինչ-ինչ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների արդյունքում որոշակիորեն ստիպված էր՝ թեկուզ ձևականորեն, թեկուզ կոսմետիկ բնույթի, նահանջներ կատարել, այսօր գրոհում է ողջ թափով, և գրոհի նոր հրաման է ստացել Սերժ Սարգսյանից: Սերժ Սարգսյանին ըստ էության այլ բան չի էլ մնացել, եթե ուզում է մնալ նախագահի պաշտոնում: Նրան մնացել է ստանձնել քրեաօլիգարխիայի բաց հրամանատարությունը, այլապես սույն դերակատարումը կանցնի կամ Ռոբերտ Քոչարյանին, կամ Հովիկ Աբրահամյանին:

Ալրաղացի Լյովի վերադարձը այս ողջ գործընթացի տրամաբանական շարունակություններից մեկն է: Այսինքն՝ Լյովն ըստ էության չէր էլ հեռացել, պարզապես եթե համակարգը ինչ-ինչ բաներ ստիպված էր գոնե մի որոշ ժամանակ ծածուկ պահել, այսօր արդեն նման խնդիր չունի, քանի որ, ըստ էության, չի տեսնում որևէ ներքին վտանգ և դիմադրության որևէ լուրջ օջախ: Ինչքան ներքաղաքական պայքար կոչվածը ըստ էության փոխարինվում է ներիշխանական պայքարով՝ ներքաղաքականի անվան տակ, այնքան իշխանություններն ըստ էության որևէ շահագրգռվածություն չունեն հասարակությունից որևէ բան ծածուկ պահելու, քանի որ հասարակությունը ներիշխանական պայքարում եթե որևէ դերակատարում ունի, ապա չափազանց պասիվ՝ որպես գործիք:

Ներքաղաքական պայքարն է, որ ի բնե հասարակական գործիք է, այսինքն՝ իշխանությունների վրա ազդելու հասարակության ձեռքի միջոց: Հայաստանում ներքաղաքական պայքարը վաղուց փոխարինվել է ներիշխանականով, դարձել ընդամենը ներիշխանական դիմակայությունը քողարկելու միջոց: Իսկ իշխանությունները, այսինքն՝ իշխող համակարգի տարբեր կարգավիճակ ունեցող բևեռները, ըստ էության, իրարից թաքցնելու ոչինչ չունեն, քանի որ չունեն բնույթային տարբերություն. բոլոր բևեռներն էլ խաղադրույքը կատարում են ըստ էության միևնույն որակական սեգմենտի վրա՝ քրեաօլիգարխիկ սեգմենտի:

Այնպես որ՝ ամենևին զարմանալի չէ այդ սեգմենտի շրջանակներում սկսված մեծ զորահավաքը, մինչև անգամ պահեստազորի հավաքագրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել