Galatv.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի  ամփոփված և թարգմանված տարբերակը կներկայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին,  սեպտեմբերի 19-20-ին հանձնաժողովի անդամները կհանդիպեն նրանց հետ:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը իշխանությունները համարում են, որ ձեւավորվեց հանրային քննարկումների արդյունքում: Թե ինչպիսի տեսք ունի եւ նախնական տարբերակի համեմատ ինչ փոփոխություններով կներկայացվի Վենետիկի հանձնաժողով, հանձնաժողովի անդամներից ճշտել հնարավոր չեղավ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված սահմանադրագետ Գեւորգ Դանիելյանը դա համարում է ծավալուն հարց, որի շուրջ առանձին ու երկար պետք է զրուցել:

Քննարկումներն անցկացվեցին տարբեր խմբերի հետ, հանձնաժողովի անդամները եղան մարզերում, իսկ մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ այդպես էլ սեփական առաջարկությունները չներկայացրեցին: Պատճառները տարբեր են, օրինակ փաստաբան Երվանդ Վարոսյանին նման առաջարկություն չի արվել. «Ինչ եք կարծում, ես պիտի գնայի Դավիթ Հարությունյանի աշխատասենյակի դուռը թակեի մասնակցեի, եղել է՝ անձնական կորպորատիվ զրույցներում արտահայտել եմ իմ այն կարծիքը, որ ձեւական պրոցես է գնում»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ նա կարծում է, որ սահմանադրական բարեփոխումներով չէ, որ լուծվում են երկրի խնդիրները, թերություններ կան, բայց ոչ այն աստիճանի, որ դրանցով պայմանավորվեն բոլոր խնդիրները. «Գտնվել է մեր պետության զարգացմանը խոչընդոտող «մեղավորը», պարզվել է, որ դա եղել է Սահմանադրությունը, հիմա մենք մեղավոր ենք գտել, պատժո՞ւմ ենք, իհարկե ձեւական պրոցես է, շոու է»,-համոզված է Երվանդ Վարոսյանը:

Հետեւաբար Վենետիկի հանձնաժողովի ուշադրությանը ներկայացնելն էլ ձեւական գործընթացի  պարտադիր բաղադրիչներից մեկն է համարում. «Դա պրոցես է, որն անցնում է, մեր կարեւորագույն օրենքները անցնում են Վենետիկի հանձնաժողովով, գուցե ինչ-որ առաջարկներ կարող է ներկայացնել, բայց պրոցեսին ես լուրջ չեմ վերաբերվում, եթե Սահմանադրությունը փոխվի, այն, ինչ առաջարկում են, լինի, ու դուք զանգեք ինձ, կտեսնենք, որ ոչինչ չի փոխվի»:

Իսկ եթե իրական բարեփոխում էր պետք երկրին, դա, ըստ նրա, կարելի էր անել առանց սահմանադրական փոփոխությունների: Փաստաբանը համոզված է. «Եթե գործեր այս Սահմանադրությունը,  բարեփոխելու խնդիր կարող էր նույնիսկ չառաջանալ, մեր Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, մեր Սահմանադրությամբ դատական համակարգն անկախ է, գործում է գործադիրից անկախ, Սահմանադրության որոշ հոդվածներ իր մեջ պարունակում է, թե ինչպես պիտի ապահովի անկախությունը դատական համակարգը, հիմա ուզում եք ավելի մեծ երաշխիքներ գրեք, ավելի շատ գրեք, չորս անգամ գրեք, որ դատական համակարգն անկախ է, դատական համակարգն անկախ չի դառնա, մինչեւ քաղաքական կամք չլինի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել