Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ և՛ սիմետրիկ պատասխան է ՌԴ-ի ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում Նախագահ Պուտինի մակարդակով անցկացնելու քայլին, և՛ ադրբեջանական «կապրիզների» հարց է լուծում: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը: 

«Սոչիի հանդիպումն էր լուծել, կանխել ռազմական էսկալացիան, և թեպետ այդ հանդիպումը որոշակի նվազեցրեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում, այդուհանդերձ, ինքը չլուծեց երկարաժամկետ կտրվածքով դա կանխելու խնդիրը: Հետևաբար, Արևմուտքը, արևմտյան համանախագահները շարունակում են բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, այնուամենայնիվ, բանակցային գործընթացը վերսկսվի: Սոչին այս տեսանկյունից եթե ոչ օրակարգի առումով, այլ նախագահների հանդիպման մակարդակով ինչ-որ տեղ նախադեպ է և, հետևաբար, չմոռանանք, որ մարտի վերջերից սկսած, որքան էլ 2 երկրների նախագահներն իրենց համաձայնությունը տվել են՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ Փարիզում, այնուամենայնիվ, համանախագահներին չէր ասվել կոնկրետ ժամկետին մասին: Եվ, հետևաբար, ամերիկյան համանախագահը փորձում է այս խնդիրը վերստին լուծել և, թերևս, այստեղ ինչպես միշտ ադրբեջանական կողմի մեջ է խնդիրը: Դրա մասին բազմաթիվ անգամներ ասվել է, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ Ադրբեջանը «նազ» է ծախում, և փորձում է սակարկել»,-ասաց քաղաքագետը: 

Նրա խոսքով Ադրբեջանի սրտնեղվածության պատճառներից մեկն այն է, որ հակամարտության կարգավորումը չի կարևորվում միջազգային հանրության կողմից, և այս հիմնական դժգոհությունն այս ամառվա ընթացքում Ալիևը բարձրաձայնել է ԵԽԽՎ-ում նիստի բացմանը՝ հանդիմանելով Արևմուտքին, որ Ադրբեջանին վերաբերող հարցերում չի շտապում: Եվ, ըստ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանության, հիմա Ոուորլիքը փորձում է Ալիևի այս «կապրիզն» ինչ-որ ձևով լուծել՝ նշելով, որ այդ հանդիպումը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և դրան նույնիսկ կարող է իր նպաստը բերել ԱՄՆ պետքարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել