Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա. քաղաքագետներPanorama.am-ը գրում է.

«Այս քայլով հայկական կողմը հերթական անգամ ցույց տվեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է որոշակի նախաձեռնություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերություներում: Մյուս կողմից` նախաձեռնության շնորհիվ գնդակը կրկին հայտնվեց թուրքական դաշտում»,- անդրադառնալով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությանը, panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 28-ին Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

«Հարկ է հիշել, որ այս տարվա ապրիլի 23-ին Էրդողանը ելույթ ունեցավ և փորձեց գնդակը տեղափոխել Հայաստան, սակայն դրա պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերն էր: Կարծում եմ, բոլորին է հասկանալի, որ եթե թուրքական կողմը ընդունի հրավերը, ապա դա միջազգային հանրության և հայության կողմից կնկալվի որպես Ցեղասպանության ճանաչում: Մյուս կողմից` հրավերը որևէ կերպ չնդունելը միջազգային հանրությունը կընկալի որպես հարաբերություների կարգավորմանը միտված դրական քայլ կատարելու մերժում, ինչը, բնականաբար, բացասական կանդրադառնա Թուրքիայի վարկանիշի վրա»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Բանախոսի խոսքերով, այս ամենի հետևանքով թուրքական կողմը, շախմատային լեզվով ասած, գտնվում է ցուգցվանգի մեջ:

«Վերջին 2-3 ամիսների ընթացքում Թուրքիան փորձում ամեն կերպ անտեսել և ուշադրություն չդարձնել հրավերի վրա: Սակայն Անկարայում շատ լավ գիտակցում են իրավիճակի երկրնտրանքի մեջ թաքնված վտանգը` հասկանալով, որ ինչպիսի որոշում էլ որ չկայացնեն, կորուստները անխուսափելի են լինելու: Կարծում եմ, որ երդմնակալության արարողությունը պաշտոնական հրավերը հանձնելու լավ առիթ էր»,- նշեց Ս.Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել