Որոշ համայնքներում դպրոցական զանգը չի հնչիArmnlur.am-ը գրում է.

Հայաստանի բազմաթիվ դպրոցներում, որոնք մեծամասամբ գտնվում են գյուղական համայնքներում այս տարի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ի զանգը չի հնչի: Արտագաղթի ու սոցիալական ծայրահեղ ծանր պայմանների հետևանքները կրում են նաև կրթական օջախները: Թեև պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարի առաջին դասարան հաճախողների թիվը փոքր-ինչ ավելացել է, սակայն դպրոցների հաճախելիության հարցում առաջատարը մնում են խոշոր քաղաքաներն ու Երևանը: Մինչդեռ տարեցտարի ավելանում է այն գյուղերի թիվը, որտեղ դպրոցները փակվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց որոշ համայնքապետերից ճշտել, թե ինչպիսի պատկեր է ստեղծվել իրենց համայնքում և այս տարի առաջին դասարանի քանի աշակերտ են ունենալու: Սակայն, ինչպես ցույց տվեցին «Ժողովուրդ»-ի հարցումները, ՀՀ մեկ տասնյակից ավելի գյուղերում սեպտեմբերի մեկը սովորական, ոչնչով չտարբերվող օր է լինելու, քանի որ որոշ գյուղերում դպրոց, որոշներում էլ գրեթե աշակերտ չկա: Այսպիսի պատկեր է օրինակ՝ Շիրակի մարզի Կաքավասար գյուղում. համայնքի ղեկավար Սուրեն Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ իրենց համայնքի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենալու: «Հարևան գյուղերից երկու ընտանիք կա, խնդրել եմ, որ գան այստեղ մնան: Նույնիսկ տնով էլ ենք ապահովում: Բայց չգիտեմ՝ կգան, թե ոչ: Սպասում ենք»,- լրացրեց գյուղապետը: Նույն մարզի Բարձրաշեն համայնքը լիկվիդացվել է, իսկ բնակչության կեսը հաստատվել է Իսահակյան գյուղում: Այս պատճառով փակվել է նաև գյուղի դպրոցը: Իսկ Վայոց ձորի մարզի Փոռ համայնքի դպրոցը դեռ նախորդ տարի էր փակվել՝ առաջին դասարանի աշակերտ չունենալու պատճառով: Ավելի բարձր տարիքի փոռեցի 7 աշակերտները հաճախում են հարևան գյուղի դպրոց: Սյունիքի մարզի Շրվենանց համայնքում ևս այսօր դպրոցը փակված է, մինչդեռ տարիներ առաջ այն ունեցել է 400 աշակերտ, իսկ նույն մարզի Տավրուս համայնքն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Արմավիրի մարզի Կողբավան համայնքն էլ մի քանի տարի է, ինչ դպրոց չունի: Նույն վիճակում է նաև Արագածոտնի մարզի Օթևան համայնքը: Իսկ ահա Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ աշակերտ ունի, ո՛չ էլ դպրոց: «Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու են մարզում դպրոցները փակվում: «Մենք հիմա ամփոփում ենք տվյալները, այս պահին հստակ թիվ չկա իմ ձեռքի տակ: Բայց մարզում առաջին դասարանի աշակերտների ռեալ աճ կա: Մեր մարզում միայն Բարձրաշենում է, որ դպրոցը փակված է և Փոքր Սեպասարում ունենք տարրական դպրոց, որն ուներ երեք-չորս աշակերտ: Հիմա տնօրենն ինքնակամ աշակերտներին տեղափոխում է հարևան գյուղի՝ Մեծ Սեպասարի դպրոց: Բայց ցանկացած աշակերտի ի հայտ գալու դեպքում, Փոքր Սեպասարի դպրոցը կարող է գործել»,- պնդեց Մինասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել