Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ առաջացած լարված իրավիճակը շարունակվում է: Այսօր կավարտվի համալիրը հինգերորդ անգամ աճուրդի հանելու վերջնաժամկետը, իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում հուշարձանին, դեռեւս անհայտ է: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է մնալ անհաղորդ այս խնդրի նկատմամբ: Եվ այսպես, նախ հիշենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 20-ին արված հայտարարությունից մի հատված. «Բոլորը պետք է իմանան, որ զոռբայութամբ կամ իշխանական լծակներով ոչ մեկ չի կարող տիրանալ մեկ ուրիշի բիզնեսին: Ինքս պայքարելու եմ դրանց դեմ, քանի որ ստվերը բոլորի թշնամին է եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք»: Հենց այս հայտարարության օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունն աճուրդի հանեց մարզահամերգային համալիրը: Համալիրի մեկնարկային գինը սահմանվեց 19.35 մլրդ դրամ (մոտ 48 մլն դոլար):Պաշտոնապես պատճառաբանվեց, թե համալիրը հանդիսանում է գրավի առարկա, դրա համար էլ աճուրդի հանելու անհրաժեշտություն է առաջացել: Հիշեցնենք նաեւ, որ մարզահամերգային համալիրը 2005 թ. վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը, որի սեփականատերերից էր Մուրադ Մուրադյանը՝ Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանը: 2005թ. սեպտեմբերից մինչեւ 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ կամ մոտ 14 միլիոն դոլար: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ մինչ մարզահամերգային համալիրի տնօրինությունը շարունակում է պնդել, թե աճուրդն ապօրինի է եւ իրենք թույլ չեն տա, որ որեւէ մեկը խլի համալիրը, այնուամենայնիվ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է օբյեկտն աճուրդի հանել` ամեն ամիս 10 տոկոսով իջեցնելով հուշարձանի վաճառքի գինը: Համալիրի աճուրդի պատմությունից և չկայացած հինգ աճուրդներից օբյեկտին տիրանալու «հոտ է գալիս»: Ի դեպ, համալիրի սեփականատերերը նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն մինչ օրս որեւէ պատասխան չեն ստացել: Ինչո՞ւ է կառավարությունն անհաղորդ ԲԱՄՕ-ի սեփականատերերի բողոքի նկատմամբ: «Ժողովուրդ»-ը պարազաբանում ստանալու նպատակով զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:

-Պարոն Ճշմարիտյան, ի±նչ եք մտածում ԲԱՄՕ ընկերությանը պատկանող Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի շուրջ ստեղծված աղմուկի մասին:

-Ծանոթ չեմ խնդրին:

-Խոսքն ընկերության կողմից գնված մարզահամերգային համալիրի աճուրդի մասին է: Սեփականատերերը հայտարարում են, որ ԴԱՀԿ-ն անօրինական աճուրդի է հանել հուշարձանը: Մուրադյան եղբայրները շուրջ 4 մլրդ դրամի ներդրում են արել, ինչո՞ւ են այսպես վարվում նրանց հետ:

-Տեղյակ չեմ: Ես չեմ կարող պատասխանել մի հարցի, որին մինչեւ վերջ չեմ տիրապետում, դա պրոֆեսիոնալ չէ: Կխնդրեի, որ մեկնաբանություններ անողներն էլ ծանոթանային, նոր մեկնաբանեին: Տեղյակ չեմ, թե ինչքան ներդրում են արել: Կարող եմ առանձին ուսումնասիրել եւ նոր ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել