Մարկեդոնով. Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է դառնա ուկրաինական  հակամարտության «գերի»-ն Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանային ուսումնասիրությունների և ներքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը «Նովոստի Արմենիա» («Новости-Армения») գործակալության հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին` ուկրաինական իրադարձությունների ֆոնին: 

Մասնավորապես հարցին, թե` «Ուկրաինայում Արևմուտքի կողմից աջակցություն վայելող այսպես կոչված «անջատողականների դեմ պայքարը» Ղարաբաղի համար բացասական մթնոլորտ չի՞ ստեղծում» Մարկեդոնովը պատասխանել է. «Անջատողականությունը չարաճճիություն չէ, այն իրականում ընդհանուր չեզոք եզրույթ է, որն ասում է, որ ինչ-որ երկրի ինչ-որ մասը չի ցանկանում ապրել այդ երկրում, որին ինքը ձևական առումով կցված է կամ որտեղ այն գտնվել է որոշակի ժամանակ: Եթե վերցնենք Լեռնային Ղարաբաղը, ապա անկախ Ադրբեջանի կազմում, ըստ էության, Ղարաբաղը չի եղել, որովհետև 1991թ-ի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն Խորհորդը հռչակել է ոչ միայն իր անկախությունը, այլ նաև Առաջին հանրապետության իր իրավահաջորդությունը: Եվ եթե դուք հռչակում եք որոշակի իրավահաջորդություն, ապա դուք ձեր բարեկամից ժառանգություն եք ստանում ոչ միայն ինչ-որ միլիոններ, այլ նաև շատ հաճախ պարտքեր: Այդպես էլ այս դեպքում` եթե խոսենք Ղարաբաղի մասին, ապա այն փաստացիորեն չի եղել առաջին հանրապետության կազմում, որը գոյություն է ունեցել երկու ոչ լիարժեք տարի: Այդ խնդրի միջազգային կարգավորման համար պարզապես ժամանակը չհերիքեց: Դրանից հետո եկավ խորհրդայնացման ժամանակաշրջանը, և Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվեց շնորհիվ խորհրդային համակարգի»:

«Մի անգամ Բաքվում ինձ հարցրեցին` ինչ է պետք, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Ես այդ հարցին հարցով պատասխանեցի`իսկ ո՞ր Ադրբեջանի: Եթե Խորհրդային Ադրբեջանի, ապա վերականգնեք ԽՄԿԿ-ն և ՊԱԿ-ը, եթե ոչ, ապա գտեք այլ մեխանիզմներ, որոնք թույլ կտան իրականացնել դա: Ո՞ր մեխանիզմներն են դրանք: Ռազմական լուծու՞մը: Ես, անկեղծ ասած, վերջինս  բավականին կասկածելի եմ համարում: Լավ, ենթադրենք, որ ադրբեջանցի զինվորականները հաղթանակ են տարել ղարաբաղյան` ինչպես իրենք են ասում` անջատողականների, զինված ուժերի նկատմամբ: Արդյո՞ք դա նշանակում է, որ այնտեղ մարդիկ պատրաստ կլինեն ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի վերահսկողությունը, որ այնտեղ չի սկսվի պարտիզանական պատերազմ»,- նշել է Մարկեդոնովը և հավելել, որ բազմաթիվ հետխորհրդային էլիտաների թերությունն այն է, որ նրանք ինչ-որ անջատողականների դեմ պայքարը համարում են պատմության ավարտը, իսկ դա միայն սկիզբն է:

«Կարևորն այն է, թե ինչ անել մարդկանց հետ: Պարզապես նրանց վտարել Հայաստա՞ն: Չգիտեմ, թե որքանով է դա հնարավոր, իսկ եթե ոչ, նշանակում է պետք է ինտեգրել: Իսկ ինչպե՞ս: Իսկ ո՞ր հիմքերով: Իսկ ինչպե՞ս Ադրբեջանը հայերի համար հետաքրքիր դարձնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել