Սերժ Սարգսյան. «Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ»Aravot.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Նրանք Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ իրենց ձեռնարկումներն ու առաջին ոգևորիչ հաջողությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը: 2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ և հետագա ծրագրերի իրականացման գործում: «Այսպիսի հանդիպումներն արդեն ավանդական բնույթ են կրում, և այս հանդիպումներին ես, անկեղծ ասած, շատ անհամբերությամբ եմ սպասում, որովհետև դրական ազդակներ, դրական էներգիա եմ ստանում, որովհետև, մեծ հաշվով, այստեղ հավաքվածները Հայաստանի ապագան են, իսկ ապագայի հետ շփվելը և՛ պատասխանատվություն է, և՛ անհրաժեշտություն: Անշուշտ, լավ անցյալ ունենալը, հերոսական երկար պատմություն ունենալը շատ լավ է, բայց որպեսզի երկարատև պատմություն ունենաս միշտ՝ պետք է հայացքդ ուղղես ապագային: Եվ մեր ժողովուրդը մշտապես այդպես է վարվել: Կարող եմ բերել տասնյակ օրինակներ՝ սկսած քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունելուց մինչև Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտում հաշվողական մեքենաներ ստեղծելը: Եթե ժողովուրդը ունակ չէ վերցնելու առաջավորը, նա չի կարող երկարատև պատմություն ունենալ: Նույնն էլ վերաբերում է անհատին: Այնպես որ, ես հաճույքով շնորհավորում եմ ձեզ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու կապակցությամբ: Սա մեծ հաջողություն է: Ակնհայտորեն, հաջողություն է, որովհետև աշխարհում, երևի, հարյուր միլիոնավոր հասակակիցներ ունեք, և այդ հարյուր միլիոններից ընդամենը մի քանի հազարին է հաջողվում դառնալ աշխարհի լավագույն տասը բուհերի ուսանողներ: Համոզված եղեք, որ ձեր հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է, որովհետև յուրաքանչյուր հասարակության հաջողություն, յուրաքանչյուր հասարակության հաղթանակ հանրագումարն է անհատների հաղթանակների, անհատների հաջողությունների: Ես վերջին մի քանի շաբաթների ընթացքում նմանօրինակ այլ շատ հաճելի պահեր եմ ունեցել, որովհետև ձեզնից մի քիչ կրտսերները ևս հաջողություններ և հաղթանակներ են ունեցել: Խոսքս վերաբերում է համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներին, որտեղ մեր երեխաները 15 մեդալ են շահել»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը սա շատ լավ արդյունք է համարել՝ նկատի առնելով նաև, որ հարևան Վրաստանի և Ադրբեջանի երեխաները միասին շահել են 11 մեդալ: Հայաստանի երեխաների ցուցանիշները, Հանրապետության Նախագահի գնահատմամբ, շատ քիչ են զիջում տարածաշրջանի մյուս հարևաններին. բազմամիլիոնանոց Իրանից և Թուրքիայից երեխաները շահել են 18-ական մեդալ, իսկ ավելի քան 3 միլիոն բնակչությամբ Հայաստանից երեխաները շահել են 15 մրցանակ, ինչը մեծ հաջողություն է: Այդ հաջողությունները, Սերժ Սարգսյանի համոզմամբ, պետք է ոգևորեն մեր երեխաներին, հնարավորություն տան նրանց վստահ նայելու դեպի առաջ, ձեռք բերելու գիտելիքներ նաև այն համոզմամբ, որ այդ գիտելիքներից օգտվելու է Հայաստանի Հանրապետությունը, օգտվելու է հայ ժողովուրդը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել