Tert.am-ը գրում է.

Աստվածաբան, «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ Հայաստանը գրեթե հասել է մի խզման կետի, որը բոլորովին պայծառ ապագա չի խոստանում։ Նման իրավիճակում ըստ նրա՝ մեկ ելք կա՝ պետք է ստեղծել համահայկական դիմադրողականության մակերևույթ։

Tert.am-ի հետ զրույցում Վարդան Խաչատրյանն ասաց, որ նախևառաջ՝ Հայ Առաքելական Եկեղեցին և այն մտավորականներին, որոնք հասարակության աչքում մարած դեր չունեն, պետք ճիշտ գնահատեն իրավիճակը և մոբիլիզացնեն հայության ուժերը։

«Երբեք այսպիսի արագ փոփոխությունների ժամանակաշրջան մենք չենք ապրել, այսպիսի վտանգների ու սպառնալիքների հնարավոր վերելքի ժամանակաշրջան մենք չենք ապրել և այդ տեկտոնիկ փոփոխությունների արագությունը ցույց է տալիս, որ մենք հնարավոր է՝ մոտիկ ենք խզման կետին, այսինքն, այդպիսի արագությամբ փոփոխությունները քիչ հավանական է, որ ինչ-որ տեղ անարյուն ավարտվեն, երբ որ արյան մեջ կորած են հարակից շրջանները, որտեղ ներգրավված են մեր հարևանները՝ թուրքեր, պարսիկներ, ադրբեջանցիներ ու անգամ վրացիները, նկատի ունեմ Վրաստանի բնակիչները խառնված են այդ կոնֆլիկտի մեջ։ Հնարավոր ամեն ձևով երևում է գերլարում աշխարհով մեկ՝ արդեն իսկ միջազգային մամուլն է խոսում այն մասին, որ պետք է կայունության խնդիր լուծել, այսպես չի կարելի և պարզ չի, թե ինչի այս ամենը կհանգեցնի»,-ասաց նա։

Այս իրավիճակում ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում կա միայն մեկ ելք. «Մենք պայմանական ասած պետք է վերականգնենք Հայքը, հիշենք, որ երկրի պաշտպանվածությունը, որպես այդպիսին, պայմանավորված չէ ո՛չ զորքի քանակությամբ, ո՛չ զենքի քանակությամբ, ոչ ստեղծված պաշտպանական գծերով»,– ասաց նա։

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ երկրի պաշտպանվածությունը ժողովրդի սերն է՝ հանդեպ իր իշխանությանն այդ փորձության պահին։ Բացի այդ, ըստ նրա, կարևոր դեր ունի նաև հայկական սփյուռքը ու նրա հավաքական ուժը, հավաքական մակերևույթի ձևավորումը, որը միակ ելքն է, որ կարող է լինել այս իրավիճակում։

«Մենք շատ բան անելու խնդիր էլ չունենք, ընդամենը հասարակական կոնսենսուսի խնդիր կա, քաղաքական փոխզիջումների, որպեսզի մենք ստանանք այն իրավիճակը, որը մեզ կդարձնի առավել դիմադրողունակ, որովհետև այսպիսի դեպքերի ընթացքը կարող է շատ լուրջ բարդությունների առաջ կանգնեցնել մեզ»։

Հարցին, թե հասարակության մոբիլիզացիան ում հույսին է՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության, Վարդան Խաչատրյանը պատասխանեց՝ նշելով, թե իր համոզմամբ՝ եկեղեցու և մտավորականների։

«Առավել ընդունելի տարբերակ է եկեղեցին, որովհետև նրա ստատիկության աստիճանը հասարակության մեջ համարում եմ զգալիորեն ավելի բարձր։ Ընդդիմությունն ու իշխանությունը խորը շահերի կրողներ են՝ մեկն ուզում է իշխանությունը վերցնել, մյուսն ուզում է իշխանությունը չհանձնել և, երևի թե, եկեղեցին ու մտավորականությունը, բայց ոչ այն մտավորականությունը, որը այսպես ասած, կա՛մ մի կողմում է, կա՛մ վերջնականապես մյուս կողմում է և օգտվում է ինչ-ինչ մանրիկ բարիքներից այդ շրջանակում և հասարակության աչքում արդեն մարած դեր ունի»,– ասաց նա։

Աստվածաբանի խոսքով՝ անհրաժեշտ է անմիջապես ֆորումային քննարկում սկսել, արդեն կիրառական քայլերի մասին խոսել, որն իրականցվեն հավուր պատշաճի՝ ողջ ժողովրդի ջանքերը մեկտեղելու փորձերով։

«Հակառակ դեպքում ես չեմ գտնում, որ պայծառ ապագայի տեսլական կարող ենք ունենալ։ Այս տեսակետից մենք պետք է հրավիրենք թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր այս հարցերում կարող են ինչ–որ առաջարկություններով հանդես գալ և առաջարկել մեծ ֆորում, որը պետք է արդարացիությամբ կազմակերպած լինի և որը հասարակության գիտակցության վրա ազդեցություն ունենա»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել