tatiZaruhi.com-ը գրում է.

2012 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցելով  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Միսիս տատիկ տիեզերք» գեղեցկության մրցույթին` փայլուն հաղթանակ տարավ` ընդգրկելով 16 լավագույնների մեջ` շուրջ 300 մասնակցից: Պարուսույց, մանկավարժ, Լոռվա մանկական թատրոնի ասմունքի խմբի ղեկավար, փոքրիկ մանրապատումների եւ բանաստեղծությունների հեղինակ «Միսիս տատիկ տիեզերք» ԼՈՒԻԶԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ համար, ով ունի երեք զավակ եւ երկու թոռ, այս մրցույթը հերթական հաղթանակն էր:

«Զարուհու» հետ հանդիպման ժամանակ գեղեցկուհի տատիկը նախ պատմեց մրցույթի մասին.

- Լինելով Լոռու եւ Տավուշի մարզերի «Միսս եւ Միստր գեղեցկության»  ու «Թոփ մոդել» մրցույթների ղեկավար` արդեն տասը տարի է աշխատում եմ Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի նախագահ, «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ: Եվ այսպես, մի օր պարոն Խաչատրյանը զանգահարեց եւ ակնարկեց «Միսիս տատիկ տիեզերք» գեղեցկության մրցույթին մասնակցելու մասին՝ մտածելով, որ ես լուրջ չեմ ընդունի ու տարակուսանքի մեջ կլինեմ: Եվ դա բնական էր, պատկերացրեք հայ կնոջը, ով երեք երեխաների մայր է, թոռնիկների տատիկ, իր կողքին ունի ամուսին ու սկեսուր եւ պետք է մասնակցի նման մրցույթի: Չգիտեի ինչպես այդ քայլը կընկալվի, եւ ինչպիսի արձագանք կլինի  մեր հայ ժողովրդի, հատկապես տատիկների կողմից: Սակայն արվեստի ոգին իմ մեջ ունենալով`  հաղթահարեցի այդ ամենը:

- Իսկ ընտանիքում կա՞ր մեկն ով դեմ էր Ձեր մասնակցությանը:

- Տանը նախ ամուսնուս հետ խորհրդակցեցի, հետո աղջիկներիս, փեսայիս, բոլորի արձագանքը դրական էր: Իհարկե, ամուսնուս կողմից մի քիչ տարակուսանք կար, բայց իմ մասնակցությանն ահավոր դեմ էր տղաս: Ապրելով փոքրիկ քաղաքում` տղաս խուսափում էր ասեկոսեներից եւ 10 օր շարունակ նույնիսկ խնդրում էի նրան: Որդիս ավանդապաշտ տղա է, իսկական լոռեցի, բայց, ամեն դեպքում մասնակցեցի մրցույթին եւ հաղթեցի:

- Ի՞նչ էր սպասվում Սոֆիայում «Միսիս տատիկին»:

- Ես մտածեցի, որ կմասնակցեմ, կներկայացնեմ Հայաստանը, որքան կարող եմ բարձր մակարդակով, որովհետեւ այնտեղ տարբեր փուլերով պետք է տատիկը հանդես գար` առաջին փուլում ներկայացնելով ազգային տարազ, երկրորդ փուլում` խոհարարական եւ ստեղծագործական հմտություններ, երրորդում` երեկոյան զգեստ: Բոլոր փուլերն էլ հաղթահարեցի եւ, կարելի է ասել, փայլուն ներկայացա, որովհետեւ ինքս շատ աղջիկների, տղաների հետ պարապում եմ ու սովորեցնում գեղեցիկ քայլվածք, պահվածք, երգ, ասմունք: Ինչպես նաեւ շատ համեղ եմ պատրաստում:

- Առաջին փուլում ավանդական տարազո՞վ ներկայացաք եւ, փաստորեն, գեղեցկության մրցույթներին բնորոշ լողազգեստների ցուցադրություն չի՞ եղել:

- Սիրիահայ դիզայներ Գեւորգ Շադոյանը ինձ տրամադրել էր «Արմենիա» զգեստը: Այն կարված էր եռագույն դրոշի համադրությամբ եւ վրան ասեղնագործված էր «Արմենիա»:  Զգեստս ժյուրիի եւ հանդիսատեսի կողմից շատ մեծ արձագանք գտավ: Դե, պարզ է, տարազներով բեմ բարձրացանք, բայց ժյուրին լողավազանում բոլոր տատիկներին լողազգեստներով տեսավ: Բնական է, որ լողազգեստով բեմ դուրս չենք եկել: Ո՞ր տատիկն այդպես բեմ կբարձրանար, բայց ոչ թե նրա համար, որ մարմինները տգեղ էին, բոլորովին, կային շատ գեղեցիկ, երիտասարդ տատիկներ, պարզապես, բեմահարթակում տատիկ բառը մի քիչ ավելի համեստ է հնչում եւ ինձ թվում է, ճիշտ էլ արվել է ժյուրիի կողմից, որ միայն տարազներով ներկայացանք:

- Իսկ հաջորդող փուլերո՞ւմ…

- Ջիվան Գասպարյանի երաժշտության ներքո հայկական պար պարեցի իմ բեմադրմամբ,  երեկոյան զգեստիս մոդելավորումը նույնպես իմն էր: Հետո ասմունքեցի` ներկայացնելով իմ ստեղծագործությունները, որոնք զուգահեռ թարգմանում էին բուլղարերեն եւ անգլերեն:

- Ո՞րն է այն գաղտնիքը, ինչի շնորհիվ մրցույթից հետո չունեցաք Ձեզ նախանձողներ եւ հետեւից բամբասողներ:

- Հակառակը, բոլորն ակնածանքով էին վերաբերվում, միայն տեսնեիք` ինչ էր կատարվում: Մտածում էի, որ ասեկոսեներ կլինեն, բայց Լոռիում ինձ բոլորը ճանաչում են, հարգում, կարելի է ասել սիրում, որովհետեւ ես էլ իրենց եմ սիրում: Աշխարհում ամենաշատը սիրում եմ երեխաներ, ծաղիկներ, երաժշտություն եւ պար, դա իմ տարերքն է:

- Ի վերջո, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ կարողացաք հաղթահարել բոլոր  կարծրատիպերը եւ դառնալ «Միսիս տատիկ»:

- Բնավորությամբ շատ պարզ եմ ու անկեղծ: Արվեստը սիրող եւ երեք տասնամյակից ավելի արվեստի մեջ ապրող տատիկը ինչպիսի՞ն պետք է լինի, իհարկե` ժամանակակից հայացքների տեր:

- Հետաքրքիր է, ավելի երիտասարդ տարիքում կմտածեի՞ք, որ մի գեղեցիկ օր կմասնակցեք միջազգային մակարդակի գեղեցկության մրցույթի:

- Ես երիտասարդ տարիքում՝ դպրոցում, Թիֆլիսում մասնակցել եւ հաղթել եմ գեղեցկության մրցույթում: Սա ինձ համար հերթական հաղթանակ էր: Նույնիսկ Լոռիում ինձ ասում են Լոռվա գեղեցկուհի, Ալավերդու գեղեցկուհի: Ավելացնեմ, որ ես երկար տարիներ զբաղվել եմ սպորտով, մասնակցել եմ հանրապետական մրցույթների, գրավել երրորդ կարգի մրցանակ` թեթեւ ատլետիկայում, լողով եմ զբաղվել, մանկուց սիրել եմ խմբակների գնալ՝ երգի, պարի, ասմունքի:

- Երիտասարդ տատիկները սկզբնական շրջանում իրենց տատիկ լինելու հանգամանքը փորձում են թաքցնել, մինչդեռ Դուք հպարտությամբ եք ասում, որ տատիկ եք:

- Ես այդքան էլ երիտասարդ չեմ, արդեն 53 տարեկանս լրացավ: Երբեք չեմ սիրել կեղծել իմ տարիքը, անկեղծ եմ ամեն բնագավառում ու ամենուրեք:

- Մեր տատիկները շա՞տ բան ունեն սովորելու եվրոպացի տատիկներից:

- Չեմ ուզում թերագնահատել մեր տատիկներին: Սիրում ու պաշտում եմ ե՛ւ ավանդապաշտ, ե՛ւ ժամանակակից տատիկներին: Բայց, բնական է, բոլորս էլ գիտենք, որ արտերկրի տատիկները ավելի ողջամիտ են, ավելի ժամանակակից հայացքների տեր:

- Ձեր աղջիկները, որդին, թոռները չե՞ն ցանկանում եւս մասնակցել նմանատիպ մրցույթների, որովհետեւ ինչպես տեսնում ենք գեղեցկությունը Ձեր ընտանիքում ժառանգական է:

- Մասնագիտությամբ մեծ աղջիկս մանկավարժ-դաշնակահար է, փոքր աղջիկս` պարուսույց, իսկ տղաս ֆուտբոլիստ է: Մեծ աղջիկս կմասնակցի «Թոփ մոդել» մրցույթին եւ կցուցադրի սիրիահայ դիզայներ Գեւորգ Շադոյանի զգեստները, որը   կազմակերպում եմ Լոռիում, Տավուշում, Կոտայքում:

- Ձեր զավակներն ունեն առաջադեմ հայացքների տեր մայրիկ, իսկ Ձեր  ծնողներն ինչպիսի՞ն են եղել:

- Ես շատ վաղ եմ կորցրել հորս, մեծացել եմ տատիկիս եւ պապիկիս մոտ: Հինգ տարեկան էի, երբ մայրս Թիֆլիսից եկավ Երեւան սովորելու: Տատիկս եւ պապիկս ինձ համար մոր եւ հոր դեր են կատարել, դրա համար էլ այսօր շատ ուշադիր եմ տատիկների եւ պապիկների նկատմամբ: Եղել եմ ծնողներիս միակ երեխան ու մշտապես եղել ուշադրության կենտրոնում:

tati2

- Իսկ «Միսիս տատիկն» իրեն ինչպիսի՞ սկեսուր է պատկերացնում:

- Շատ ժամանակակից:

- Ամեն դեպքում, ապագա հարսիկը պետք է որոշակի «քաստի՞նգ» անցնի ընտրվելու համար:

- Պետք է լինի գեղեցիկ, բարի, ժամանակակից, մնացածն արդեն կարեւոր չէ: Ես նրան կընդունեմ ոչ թե որպես հարս, այլ` իմ աղջիկ:

- Փաստորեն, այդքան էլ բարդ ընտրություն չի լինելու:

- Ոչ, բնավորությամբ բծախնդիր չեմ, երբեք, շատ հասարակ ու շատ հարմարվող եմ:

- Այսինքն` միայն  գեղեցկությունը բավական է:

- Կարեւորը լինի ՄԱՐԴ, մնացածն արդեն տարիների ընթացքում ինքը կսովորի: Խնդիր չէ, որ աղջիկը եփել-թափել իմանա, թող չիմանա, հետո կսովորի:

- Ամբողջ աշխարհի գեղեցկուհիների հետ շփվել եք, մեր հայուհիներն ինչո՞վ են առանձնանում:

- Իրենց հեզությամբ:

- Իսկ դա դրակա՞ն է, թե՞ բացասական:

- Իհարկե, դրական է, ինչքան էլ, որ կինը լինի ժամանակակից, պետք է միեւնույն ժամանակ հեզ լինի, պահպանողական: Ես էլ ժամանակակից հայացքների տեր եմ, բայց պահեր են գալիս, երբ պետք է ավանդապաշտությունը ոտնակոխ չանել:

- Ըստ Ձեզ, հայուհիները գնալով գեղեցկանո՞ւմ են, թե՞…

- 90/60/90 չափանիշն արդեն մի քիչ ժամանակի մեջ չէ, հիմա ավելի շատ թմբլիկ, ավելի ոչ ոսկրային աղջիկներն են բնորոշ մոդելներին: Կարծում եմ` այդպես ավելի ճիշտ է: Իսկ ընդհանրապես, գտնում եմ, որ «Միսս գեղեցկուհին» պետք է լինի ոչ միայն բարձրահասակ, այլ Միքելանջելոյի կերտած կանանց եմ սիրում, որ լինեն արվեստի գործ:

- Այնուամենայնիվ, հայերս մի քիչ բարդույթավորվա՞ծ ենք մոդելինգի ասպարեզում, թե՞ կարողանում ենք հաղթահարել առաջադրված խնդիրները:

- Կարողանում ենք հաղթահարել: Վերցնենք իմ օրինակը, ես կարողացա հաղթահարել ե՛ւ ասեկոսեները, ե՛ւ ընտանեկան խնդիրները եւ այլն: Ռիսկը գործի կեսն է: Ես միշտ ռիսկի եմ դիմում ու հաղթում եմ:

- Դուք նաեւ պարապում եք տղա մոդելների հետ, այն էլ` մարզերում: Ինչը դեռեւս ոմանք տարօրինակ են դիտում:

- Մի քանի օր առաջ Վանաձորում պարապմունքներ էի անցկացնում, ինձ երեք տղա մոտեցան` 24-26 տարեկան: Ինձ շատ զարմացրեց եւ ուրախացրեց, որ մեր տղաների մտածելակերպն արդեն փոխվել է: Հարցնում էին, թե հնարավոր է բեմահարթակից այն կողմ ավելորդ ձայներ, բամբասանքներ լինեն, բայց ես համոզեցի նրանց, որ այդպիսի բան չկա: Նայեք ինձ, 53 տարեկան տատիկը համարձակություն է ձեռք բերել ու մեկնել Բուլղարիա, մասնակցել մրցույթի, իսկ դուք ձեր հայրենիքում ընկճվո՞ւմ եք:

- Մենք  գիտեք նաեւ, որ Դուք զբաղվում եք բարեգործությամբ:

- Այո, վերջերս եղա Վանաձորի մանկատանը եւ 95-100 երեխայի նվերներ հանձնեցի: Մանկատուն այցելություններս շարունակական կլինի, համեստ բիզնեսիս մի մասը ես նվիրում եմ բարեգործությանը:

- Ի՞նչ խնդիրներ կան այսօր մանկատանը:

- Ձմեռային հագուստների, ներքնաշորերի կարիք ունի մանկատունը: Հիմա որոշել եմ ձմռանը, երբ կմեկնեմ Հունաստան մրցույթներ անցկացնելու, նաեւ թոռնիկներիս այցելելու, այնտեղից օգնություն կբերեմ եւ մանկատանը կհանձնեմ: Կարծում եմ, որ որպես տատիկ` օրինակ եմ ծառայում այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն ունեն եւ կարող են գումարներ ներդնել երեխաների համար հագուստներ ձեռք բերելու հարցում:

- Առաջիկայում ի՞նչ նոր ծրագիր ունի Լուիզա Ծատուրյանը:

- Լոռվա ձորում բարեգործական պարապմունքները տարվում են տարբեր քաղաքներում, գյուղերում: Կարծում եմ` սեպտեմբեր ամսին «Միսս եւ միստր» գեղեցկության եւ «Թոփ մոդել» մրցույթները անպայման բարձր մակարդակով կկայանան Լոռվա մարզում, այնուհետեւ Տավուշում եւ Կոտայքում:

- Մեր հաճախ տանջված, չխնամված մայրերին ու տատիկներին ի՞նչ խորհուրդ կտաք:

- Սիրել, սիրվել եւ երբեք չընկճվել: Ես ինքս էլ «պրոբլեմներով» հարուստ կին եմ: Մեկ-մեկ աղջկաս ասում եմ, որ «պրոբլեմը» դարձել է իմ կյանքի ամենամտերիմ ընկերուհին: Դա էլ իր հետաքրքրությունն ունի, անընդհատ հարթելով գնում ես: Իսկ եթե «պրոբլեմ» չլինի, կյանքը հետաքրքիր չի անցնի: Խնդիրները ինչ-որ տեղ մարդուն ուժ  են տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել