Hetq.am-ը գրում է.

Լուսանկարում Մասիս քաղաքի բնակչուհի Սուսաննա (Սյուզի) Գևորգյանն է, ով 7 տարի առաջ՝ 2007 թ-ի մարտի 9-ին գնացել է աշխատանքի (տնից 200 մետր հեռավորության վրա), սակայն չի վերադարձել տուն: Մայրը՝ Սաթենիկ Գևորգյանը փնտրել է աղջկան, հարց ու փորձ արել, քանի որ 19-ամյա աղջիկը մշտապես երեկոյան ժամը 8-ին տաքսի ծառայությունից (ստիպված աշխատել է, քանի որ մոր ու տատի հետ վարձով են ապրել) վերադառնում էր տուն: Ժամեր անց եղբոր ընտանիքն է հայտնել, որ Սյուզին ոմն Արարատ Կաֆյանի «Օպել» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել, որի  հետևանքով մահացել է:

Անցել է 7 տարի, սակայն Սյուզիի մայրը՝ Սաթենիկը, մինչ օրս չի հավատում վթարի վարկածին: Նրա համոզմամբ, աղջկան տարել են բռնի, տարել են սեռական բռնության ենթարկելու նպատակով: «Ինչո՞ւ պիտի իմ աղջիկը նստեր ուրիշ մեքենա, երբ տաքսի ծառայությունում շատ մեքենաներ կային, որ կարող էին իրեն ցանկացած վայր հասցնել, եթե ցանկացել է ուրիշ տեղ գնալ»,- ասում է Սաթենիկը:

Սակայն Մասիսի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարություն) հատկանիշներով այդպես էլ քրեական գործ չի հարուցվել, անգամ նման վարկած չի քննվել քննիչի կողմից: Սաթենիկ Գևորգյանին պարզաբանել են, որ նման հանցակազմ չկա: Իսկ դատաբժիշկը, դատարանում պատասխանելով Սաթենիկի հարցին, թե ինչու չի ստուգվել՝ կան արդյոք բռնության հետքեր դստեր մարմնի վրա, ասել է, որ քննիչի կողմից նման հարցադրում չի արվել իրեն, ու առհասարակ վթարի գործերով նման ստուգում չի արվում:

Փոխարենը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Իսկ 3 ամիս անց՝ հունիսի 18-ին Մասիսի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 2 երեխաների հայր, 1975 թ-ին ծնված Արարատ Կաֆյանը Արարատի ու Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Ելենա Քոչարյան) դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման ու դատարանի դահլիճից գնացել տուն:

Իսկ Սաթենիկ Գևորգյանի կասկածները չեն փարատվել դատարանի վճռով, հակառակը՝ գնալով համոզմունքի են վերածվել: Դրա առաջին ու հենքային պատճառն այն է, որ Սաթենիկին մեկ տարի շարունակ չեն տվել երեխայի շորերը՝ պատճառաբանելով, թե քննություն է գնում: Սակայն հագուստը նույնիսկ գործով իրեղեն ապացույց չի ճանաչվել, ավելին՝ այն որևէ փորձաքննության չի ենթարկվել: Մեկ տարի բողոքելուց հետո, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրարշավի օրը, սևազգեստ մայրը կարողացել է մի կերպ մոտենալ իրենց մարզ եկած Սարգսյանին ու փոխանցել իր բողոք-նամակը: Այդ հանդիպումից երեք օր անց Սաթենիկը ստացել է աղջկա հագուստը, սակայն միայն վերնազգեստը (այն էլ ոչ լրիվ), իսկ ներքնաշորերը նրան այդպես էլ չեն վերադարձրել:

«Հետքը» ծանոթացավ քրեական գործի նյութերին: Դատաբժշկական փորձաքննության մեջ կարդում ենք. «Դիակի հագին կա մոխրագույն կուրտկա (ջինս), կարմիր սվիտր, սև սվիտր, մուգ կապույտ մայկա, սև կրծկալ, բաց կապույտ անդրավարտիք (ջինս), կարմիր ու սպիտակ զոլերով տրուսիկ, սև գույնի սպորտային կոշիկ»: Սակայն Սաթենիկին չեն հանձնել աղջկա հագին դեպքի օրը եղած սև սվիտրը, մուգ կապույտ մայկան, սև կրծկալը, կարմիր ու սպիտակ զոլերով տրուսիկը. «Ինձ ասացին, որ դիահերձարանում այրել են ներքնաշորերը: Հետո մարզի դատախազ Մնացականյանն ինձ գրավոր պատասխանեց, թե քննիչը դիահերձարանից չի վերցրել ներքնաշորերը՝ անհրաժեշտության բացակայության պատճառով: Բայց ես հասկանում եմ, թե ինչքան շատ բան կարող էին պատմել շորերը դեպքի մասին: Իսկ այն, ինչ ստացել եմ բացարձակ չէր խոսում նրա մասին, որ աղջիկս գլորվել է մեքենայից դուրս. ընդամենը 3 անցք կա կուրտկայի վրա, մի քանի տեղ արյուն, իսկ սպորտային կոշիկները առանց փոշու հետքերի անգամ»,- «Հետքին» պատմեց Սաթենիկ Գևորգյանը:   

Տեղանքի զննությամբ 1քմ արյուն է եղել, սակայն Սյուզիի մայրը՝ Սաթենիկը, դեպքի վայրում եղել է 2 օր անց, ոչ մի արյան լճակ չի հայտնաբերել, չի տեսել փշրված ապակիներ: «Եթե իմ երեխայի վայր ընկնելուց արյան լճակ է գոյացել, ինչո՞ւ նրա հագուստի վրա ընդամենը երեք կետում է արյուն: Երեխայի դաստակին 5 մատի տեղ կար, ոտքի՝ ծնկի վրա՝ երկու մատ սեղմած տեղ: Գլխի վնասվածք կար ու քթի մասում եղունգի չափ կապտուկ»,- Սաթենիկի հարցականների շարքը չի փարատել դատարանը: Այս գործով չի նշանակվել նաև համալիր փորձաքննություն՝ պարզելու վթարի առաջացման պատճառները, Սյուզիի՝ մեքենայից դուրս ընկնելու մեխանիզմը: Միայն պարզ է դարձել, որ Արարատ Կաֆյանը մեքենան վարել է 100 կմ/ժ ոչ թույլատրելի, բարձր արագությամբ և թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում:

Ինչո՞ւ է Արարատ Կաֆյանը վթարից անմիջապես հետո դեպքի վայր կանչում իր աներձագ քննիչին՝ Սամվել Անդրեսայանին, փոխարենը շտապօգնություն զանգելու: Ինչպե՞ս է Արարատի ու Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը 2 էջանոց դատավճռում 2 սխալ թույլ տալիս, որոնցից մեկը copy-paste-ի հետևանքով: Ինչպե՞ս են Սաթենիկի 85-ամյա մորը (մահացել է) ցանկանում ահաբեկչության ու սպառնալիքի հոդված առաջադրել, ինչպե՞ս են իրավապահները սպառնում քրեական գործ հարուցել Սաթենիկի եղբոր տղանների վրա: Այս բոլոր հարցերին «Հետքը» կանդրադառնա հաջորդիվ:

Շարունակելի  

Զարուհի Մեջլումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել