Lurer.com-ը գրում է.

Հայոց ցեղասպանության իրողությանը իրանական պետական-քաղաքական և մտավորական լսարանին ծանթացնելու նպատակով Թեհրանի Հայ Դատի հանձնախումբը և «Հուսկ» կազմակերպությունը Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել։ Ծրագիրը կրել է «Անպատիժ մնացած ոճրագործություն» խորագիրը։

Իրանի պետական օրհերգով մեկնարկած միջոցառման ընթացքում բացման խոսքն ընթերցել է իրավաբան Թալին Բանդարին, ով ներկայացրել է Ցեղասպանության իրողությունը և նշել, որ դրա 100-ամյա տարելիցի շեմին համայն հայությունը ավելի ամրակուռ և վճռականորեն է պահանջում իր արդար իրավունքների իրականացումը։

Միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի մեջբերումը, որ նա արել էր ՄԱԿ-ի 68-րդ վեհաժողովում։ Այնուհետև ցուցադրվել է փաստավավերագրական տեսաֆիլմ, որը ոչ միայն պատմում էր Ցեղասպանության մասին, այլև ներկայացնում Թուրքիայի և Ադրբեջանի որդեգրած հակահայ քաղաքականությունը, որը հանգեցրեց Հրանտ Դինքի սպանությանը, Սումգայիթի կոտորածներին և Քեսաբում հայերի տեղահանությանը։

Երեկոյին մասնակցել է Իսլամական խորհրդարանում Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ով անդրադարձել է աշխարհում Թուրքիայի կողմից կիրառվող ժխտողական քաղաքականությունը և ոչ պատշաճ դիվանագիտական մոտեցումներին։ «Այսօր մենք այլևս չենք բավարարվում Ցեղասպանության ճանաչման պահանջով, այլ ձգտում ենք արդարության և վնասի հատուցման»,- ասել է նա։

Երեկոյի գեղարվեստական մասում ցուցադրվել է իրանցի երաժիշտ Քուրոշ Թավաքոլիի հեղինակած ցեղասպանությունների երաժշտական նախագծի Armenian Genocide տեսահոլովակը։ Երգչախմբային կատարում է ունեցել Ռազմիկ Օհանյանի գլխավորած «Մաշտոց» երգչախումբը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել