1in.am-ը գրում է.

Ռուսական Forbes պարբերականը կազմել է երկրի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել 7 հայ: 

Այսպես, հայազգի գործարար «Մագնիտ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին Ռուսաստանի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ 10.3 մլրդ դոլար կարողությամբ: Անցած տարում նա կարողությունն ավելացել է 2.1 մլրդ դոլարով՝ դիրքերը բարելավելով 4 հորիզոնականով:

«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը այս տարի 26-րդ տեղում է: 48-ամյա գործարարը 2013-ին իր կարողությունն ավելացրել է կես մլրդ դոլարով և ընդհանուր կարողությունը հասցրել 4.3 մլրդ դոլարի՝ վարկանիշային աղյուսակում առաջ գալով 3 հորիզոնականով: 

Մեկ այլ հայազգի գործարար «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 40-րդ տեղը: Անցած տարվա համեմատ նա դիրքերը բարելավել է 3 հորիզոնականով՝ 2013-ի ընթացքում գրանցելով 200 մլն դոլարի եկամտային աճ: 

98 և 99-րդ տեղերում համապատասխանաբար «ՌԵՍՈ Գարանտիա» ընկերության փոխնախագահՆիկոլայ Սարկիսովն է և նրա եղբայր, ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Սարկիսովը: Նրանք ունեն 1.1 մլրդ-ական դոլար կարողություն: Անցած տարում գործարարները գրանցել են 250 մլն դոլարի եկամտային աճ՝դիրքերը թուլացնելով 20 հորիզոնականով:

«Տրոյկա Դիալոգ» ընկերության ղեկավար Ռուբեն Վարդանյանը այս տարի զբաղեցնում է 124-րդ հորիզոնականը: Անցած տարում նա եկամուտներն ավելացրել է 350 մլն դոլարով՝ կարողությունը հասցնելով 0.85 մլրդ դոլարի (դիրքերը բարելավել է 69 կետով):

133-րդ տեղում Wooden Fish Agency-ի դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանն է: Անցած տարվա համեմատ նա դիրքերը բարելավել է 10 տեղով և այժմ ունի 0.75 մլրդ դոլար կարողություն: 

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է «Մետալոինվեստ»-ի, «ՄեգաՖոն»-ի, Mail.ru Group –ի հիմնական սեփականատեր, Facebook-ի ներդրող գործարար Ալիշեր Ուսմանովը, որի կարողությունն 2013թ. համեմատությամբ ավելացի 1 մլրդ դոլարով՝ հասնելով 18.6 մլրդ դոլարի: Երկրորդ տեղում «Ալֆա-գրուպ»-ի դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանն է, ում կարողությունն անցած տարի ավելացել է 1.1 մլրդ դոլարով՝ հասնելով 17.6 մլրդի: Երրորդ տեղը բաժին է հասել «Ռենովա» ընկերությունների խմբի տնօրենների խորհրի նախագահ Վիկտոր Վեկսելբերգին. նրա կարողությունն աճել է 2.1 մլրդ դոլարով հասնելով 17.2 մլրդի: 

Պատմության մեջ առաջին անգամ տասնյակից դուրս է մնացել հայտնի գործարար Միխայիլ Պրոխորովը (- 2.1 մլրդ, ընդհանուր կարողությունը՝10.9 մլրդ): 48-ամյա գործարարը 11-րդ տեղում է: Մինչդեռ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր կարողությունն ավելացրել է 900 մլն դոլարով՝ հասցնելով 9.1 մլրդ դոլարի (14-րդ հորիզոնական):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել