Արքայական հիվանդություն` բուժման արքայավայել գներովArmnewstv.am-ը գրում է.

Ապրիլի 17-ը հեմոֆիլիա ունեցող մարդկանց միջազգային օրն է: Սա աշխարհի ամենաթանկարժեք բուժում պահանջող 7 հիվանդություններից մեկն է: Մեկ մարդուն հասնող դեղորայքի միջին գինն աշխարհում 24.000-74.000 դոլար է` կախված քաշից: Հեմոֆիլիան հիվանդություն է, որի ժամանակ խաթարվում են արյան մակարդելիությունն ապահովող գործոնները: Փոխանցվում է ժառանգաբար` մայրերից որդիներին: Հիվանդանում են միայն տղաները: Աղջիկները կարող են հիվանդության պատճառ հանդիսացող x գենի մուտացիայի կրող լինել, եթե նրանց մայրը կրող է, հայրը` հեմոֆիլիկ: Այդ գենի ամենահայտնի կրողն աշխարհում Վիկտորիա կայսրուհին է եղել, ումից էլ հիվանդությունը փոխանցվել է որդիներից մեկին` Լեոպոլդին: Այդ պատճառով էլ հեմոֆիլիան հաճախ կոչում են նաեւ կայսերական հիվանդություն: Աշխարհում այսօր 5 միլիոնից ավելի տղաներ ու հասուն տղամարդիկ ունեն այս խնդիրը: Հայաստանում պաշտոնական վիճակագրություն այս հիվանդությամբ մարդկանց մասին չկա, բայց Հեմոֆիլիայի ազգային կենտրում գրանցված է 300 ՀՀ քաղաքացի, նրանցից 64-ը` երեխաներ: Հեմոֆիլիայի ազգային կենտրոնը գործում է Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնում: Այդտեղ է նաեւ հանրապետության միակ լաբորատորիան, որտեղ ախտորոշվում են հեմոֆիլիայի 3 տարատեսակները: Լաբորատորիան վերահսկվում է Հեմոֆիլիայի համաշխարհային կազմակերպության կողմից: Տարին երեք անգամ ուղարկում են արյան պատահական պլազմաներ` հետազոտելու: Արդյունքերը միշտ բարձր մակարդակի վրա են: Այդ են վկայում լաբորատորիայի ստացած վկայագրերը:

Հեմոֆիլիայի ժամանակ անխուսափելին են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին արյունահոսությունները: Երբեմն մի փոքր վնասվածքն անգամ կարող է կյանքի սպառնալիք դառնալ: Հեմոֆիլիա ունեցող մարդիկ ամբողջ կյանքում դեղորայք են օգտագործում, որը պատրաստվում է արյան պլազմայից: Մեր երկրում նման դեղամիջոցների արտադրություն չկա: Հայաստանը դրանք գնում է այլ երկրներից: Սուր իրավիճակների դեպքում դեղորայքը տրամադրվում է պետական միջոցներով: Բուժման ժամանակակից մեթոդներից է ծնկային հոդի սինովյալ թաղանթի այրումը` սինովեկտոմիան` քիմիական միջոցներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել