Lurer.com-ը գրում է.

Այսօր Ժնևում նախատեսված են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ուկրաինայի բանակցությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի և Ուկրաինայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի քննարկում-բանակցություններն Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու մասին:

Նախօրյակին Էշթոնը հանդիպում է ունեցել Դեշչիցայի հետ: Այդ մասին Twitter-ում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Ինչպես հաղորդել է «Ուկինֆորմը», ապրիլի 16-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը նշել է այն հինգ պահանջները, որոնք Ժնևում կհնչեցնի Անդրեյ Դեշչիցան: Դրանք են՝ Ռուսաստանի կողմից ահաբեկչական խմբավորումներին աջակցության դադարեցումը, Ուկրաինայի սահմաններից ՌԴ-ի զորքերի հեռացումը, Դաշնության խորհրդի այն որոշման հետկանչումը, որը թույլատրում է զորքերն օգտագործել Ուկրաինայի տարածքում, Ղրիմից Ռուսաստանի զորքերի դուրսբերումը, թերակղզու բռնակցման վերաբերյալ իրավաբանական որոշումների չեղարկումը և այն Ուկրաինայի իրավասությանը վերադարձնելը:

Նշենք, որ Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչները բանակցություններին չեն մասնակցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել