Lragir.am-ը գրում է.

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը Երեւանում տեղի ունեցած ռուսաստանցի հայրենակիցների ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը կկասեցնի «բարեկամ երկրների ներքին գործերին ագրեսիվ միջամտության» փորձերը, որով կձգտեն ներդնել «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ ու արժեքներ»:

 Ընդ որում, Վոլինկինը, որին Սահակաշվիլիի նախագահության ընթացքում Վրաստանում ՌԴ դեսպանատանը պաշտոն զբաղեցրած ժամանակ Թբիլիսիից դուրս էին «հրավիրել» պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով, բոլորովին չի խոսել «բարեկամ երկրի» խնդրանքի մասին: Այսինքն, նա չի ասել, որ Ռուսաստանը կօգնի, եթե «բարեկամ երկիրը» խնդրի:

 Այսինքն, Մոսկվան ինքը կորոշի՝ թե ինչն է Հայաստանի «ներքին գործերի միջամտություն» եւ հետեւաբար ինչը պետք է կանխել: Այլ կերպ ասած, Մոսկվան ինքն է հայտարարում Հայաստանի ներքին գործերին միջամտելու իրավունքի մասին, կամ պարզապես Վոլինկինը փաստացի հայտարարում է Հայաստանում հեղաշրջման մասին: Այսինքն այն, ինչ նրան չի հաջողվել Վրաստանում, կարծես նա թե իրականացնում կամ առնվազն հայտարարում է Հայաստանում:

 Թերեւս վստահ, որ այստեղ նրան «դուրս չեն հրավիրի»: Այստեղ նրան նույնիսկ ԱԳՆ չեն հրավիրի եւ բացատրություն չեն պահանջի իրեն այդօրինակ «իրավունք» վերապահելու համար:

 Ինչպես որ երբեք չեն հրավիրել ու բացատրություն չեն պահանջել Ադրբեջանին միլիարդավոր դոլարի հարձակողական սպառազինություն տրամադրելու Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ: Մինչդեռ Հայաստանի «ներքին գործերին կասեցման ենթակա միջամտություններ» որոշելու փոխարեն, իբրեւ ռազմավարական գործընկեր ու դաշնակից հանդիսացող Ռուսաստանը պետք է որ Հայաստանի հանրությանը բացատրեր, թե ինչու է միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարում Ադրբեջանին:

 Ավելին, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Գերասիմովը օրերս Բաքվում հայտարարել է ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցությունը խորացնելու եւ ծավալներն ընդլայնելու հնարավորության մասին:

 Հայաստանում այդ հայտարարությունը գերադասեցին չնկատել՝ խիստ զբաղված էին վարչապետի պաշտոնի հարցում գուշակություններով եւ բանսարկություններով: Ռուսաստանը դա չի դիտի «մեր մտքին ու հոգուն խորթ»: Իսկ ահա Ռուսաստանից բացատրություններ պահանջելու որեւէ փորձ հենց այդպիսին էլ կդիտվի, այդ իսկ պատճառով թե իշխանության, թե ոչիշխանության համար գերադասելի է շարունակել չնկատել ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության սպառնալից ընթացքը, որեւէ հայտարարություն, քաղաքական գնահատական, առավել եւս բացատրության պահանջ չհնչեցնել այդ կապակցությամբ:

 Այդ պայմաններում ամենեւին զարմանալի չէ, որ Ռուսաստանի ներկայիս դեսպանը էլ ավելի հանդուգն հայտարարություններով հանդես կգա, քան օրինակ նրա նախորդը՝ Կովալենկոն: Իսկ զուգահեռ էլ Ռուսաստանը էլ ավելի լայն թափով կզինի Ադրբեջանին: Իսկ Ադրբեջանն էլ էլ ավելի ինտենսիվ կդարձնի Հայաստանի սահմանամերձ գյուղերի հրետակոծումն ու գնդակոծումը:

 Իսկ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Բորդյուժան էլ ավելի հանգամանալից հոդվածներ կգրի դաշինքի անդամ երկրներում «գունավոր հեղափոխությունների» վտանգի մասին, փոխանակ անդրադառնալու դաշինքի անդամ Հայաստանի տարածքի հանդեպ դաշինքի ոչ անդամ Ադրբեջանի ոտնձգություններին:

 Բայց ինչու՞ անդրադառնալ: Չէ որ Ադրբեջանին ավելի շատ սպառազինություն վաճառելու համար պետք է, որ այդ սպառազինությունն ինչ որ տեղ գոնե մի քիչ օգտագործվի: Իսկ ուրիշ ո”ր ուղղությամբ, եթե ոչ Հայաստանի տարածքի: Հետեւաբար ինչու՞ պետք է Ռուսաստանը որեւէ բան ասի իր ռազմա-տեխնիկական առանցքային գործընկեր Ադրբեջանին:

 Բորդյուժան ու Վոլինկինն այլ գործ ունեն՝ ավարտել Հայաստանի ներքին գործերին միջամտելու, այլ կերպ ասած ինքնիշխանությանը վերջ տալու տեսական հիմքերի ձեւավորումը, որ երբ լինի գործնական իրականացման անհրաժեշտությունը (որն այժմ ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանը չունի, բայց ապագայում ամենայն հավանականությամբ կունենա) չլինի դրա տեսական որեւէ խոչընդոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել