«Հունվարի մեկից, ինչպես հայտնի է, կենսաթոշակները Հայաստանում բարձրանալու են։ Բայց այն բանից հետո, երբ նախօրեին կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխություններով սահմանվեցին աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, կենսաթոշակառուներից ոմանք հիշեցին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Ազգային ժողովում այլ բան էր հայտարարում, ինչը, սակայն, տեղի չունեցավ։

Ըստ այդմ, նախարարը ասել էր, որ տարբերակված մոտեցում կիրառելու արդյունքում մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների մեկ տարվա արժեքը կլինի 700 դրամ՝ 450-ի փոխարեն։ Իսկ ահա 10 և ավելի տարվա ստաժի պարագայում 450 դրամը կդառնա 540։ Վերջին փոփոխությունը, սակայն տեղի չի ունեցել։ Նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը թերթի հետ զրույցում նշել է, որ կենսաթոշակի հաշվարկման կարգը փոխվել է օրենքով, մինչդեռ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է կառավարության որոշմամբ։

Ու թեև 10 և ավելի տարվա ստաժ ունեցողների կենսաթոշակը չի ավելանա սպասվածի չափ, բայց, ըստ Անահիտ Գալստյանի, արդեն իսկ տասը տարվա ստաժ ունենալու դեպքում այսպես թե այնպես բարձրանալու է։ «Ենթադրենք, ինչ-որ մեկն ունի 20 տարվա ստաժ։ Նախկինում այդ 20 տարին բազմապատկվում էր 450-ով, իսկ հիմա այդ 20 տարվա 10 տարին բազմապատկվում է 700-ով»,– ասաց նա։ Կենսաթոշակային ապահովության վարչության պետի խոսքով. 10-75 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների կենսաթոշակը կբարձրանա 4-6 հազար դրամով։ Սրանք, սակայն, մոտավոր թվեր են. որովհետև կառավարության որոշումը նոր է ընդունվել և ըստ այդմ, վերջնական հաշվարկներ դեռ չկան։

Նշենք, որ կառավարության նույն որոշման համաձայն, հիմնական կենսաթոշակի չափը նույնպես ավելանալու է՝ գործող 13 հազար դրամի փոխարեն սահմանվելով 14 հազար դրամ»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել