Վերջերս մի հոդված ընկավ աչքովս, որը երջանկության և դրական մտածելակերպի մասին էր: Ուզում եմ անդրադառնալ այս նյութին, որովհետև քիչ չեն իմ հիվանդների մեջ այնպիսիք, ում իմ հիվանդն է դարձել հենց այդ նույն ՛՛ Տիկին Դժբախտությունը՛՛, ինչպես իրենք են մտածում, իսկ դժբախտության միակ ՛՛բալասանը՛՛ դարձել է անընդհատ ինչ-որ բան ծամելը, ծամելը.... եթե, ոչ սնունդ, ապա հաստատ ներվեր ծամելը:

Պոզիտիվ հոգեբանության հիմնադիրներից Մարտին Սելիգմանի պնդմամբ մարդու երջանիկ լինելու 60 %-ը ուղիղ կապ ունի իր գենետիկայի և շրջակա միջավայրի հետ, իսկ 40 %-ը կախված է հենց իրենից:

ՔԱՌԱՍՈՒՆ ՏՈԿՈ՜Ս.....
Կարծում եք քի՞չ է: Ուրեմն դուք նրանցից եք, ովքեր տեսնում են կիսով չափ ԴԱՏԱՐԿ բաժակը /տվյալ դեպքում 60%-ով դատարկ/ և ժամանակն է, որ սկսեք աշխատել ձեզ վրա: Ահա թե ինչ են առաջարկում նույն հոդվածի հեղինակները այսուհետ կիսով չափ ԼԻՔԸ բաժակ տեսնելու համար:

Երջանիկները 

• Իրենց շրջապատում են երջանիկ մարդկանցով: Լավ տրամադրությունն ու երջանկությունը միշտ վարակիչ են, և կարելի է փոխադարձաբար վարակել ու վարակվել դրական լիցքերով:
• Ժպտում են, երբ իսկապես ուրախ են: Արհեստական և ստիպողական ծիծաղը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու տրամադրության վրա: Եթե զգում եք, որ անտրամադիր եք, փորձեք ինչ-որ լավ բանի մասին մտածել, կամ լավ բան հիշել ձեր կյանքից և ՏԵՂԻՆ ծիծաղել կամ ժպտալ: 
• Ճկուն ու չընկրկող են: Մի անհաջողությունը չի նշանակում, որ դուք դժբախտ եք: Ինչպես ճապոնական ասացվածքն է սովորեցնում ՛՛Յոթն անգամ ընկար, ութն անգամ ոտքի կանգնիր՛՛:
• Փորձում են երջանիկ լինել: Իսկապես, դա էլ աշխատանք է, ինչպես գումար աշխատելը, ինչպես տունդ գեղեցկացնելն ու մաքուր պահելը, ինչպես գեղեցկ լինելը... ամեն ինչ ճիգեր է պահանջում և ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Ունե՞ս ցանկություն երջանիկ լինելու, ամեն ինչ քո ձեռքում է՝ հասի՛ր դրան:
• Գնահատում են ամեն մի փոքր դրականը: Իհարկե միշտ հաճելի է մեծ հաղթանակներ տոնելը, բայց երջանիկները նույն խանդավառությամբ են ընդունում նաև փոքրիկ ձեռքբերումները: Եթե օրական թեկուզ մի քանի վայրկյան հատկացնեք փոքրիկ դրական լավ բաներ նկատելուն, օրն էլ կլցվի դրական լիցքերով, ոչ թե կփչանա ու կողքիններինն էլ կփչացնի մի փոքրիկ անախորժության պատճառով: 
• Նվիրաբերում են իրենց ժամանակը ուրիշներին Նույնիսկ շատ զբաղված երջանիկ մարդը ժամանակ կգտնի նույնիսկ փողոցում անծանոթին օգնելու համար: Դրանից օգուտ կունենա նաև հենց ինքը՝ ստանալով օրվա դրական լիցքերը: Կամ փոքրիկ նվերներ են մտածում իրենց մտերիմների համար, առանց առիթի: Հոգեբանները գտել են, որ նվիրելիս մարդն ավելի շատ է լիցքավորվում դրական էմոցիաներով, քան նվեր ստանալիս: 
• Կարողանում են լսել 
Այո ՛, երջանիկները լսելու ընդունակություն ունեն: Լսում են մինչև վերջ և փորձում կարևոր բաներ քաղել խոսակցությունից:

Թերևս կարելի է երկար շարունակել, եթե ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ կա: Օրինակ՝ միացնել տրամադրող ուրախ երաժշտություն, որպեսզի բարձրանա տրամադրությունը, ոգեշնչվել ամեն ինչից, գտնել դրական կողմեր և այլն: 

Իսկ ես կավելացնեմ, որ միշտ լավ է այնտեղ, որտեղ մենք ԿԱՆՔ, քանի որ հենց մեր ձեռքում է մեր իրական լավ ու վատ լինելու ընտրությունը

Երջանի՛կ եղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել