Hotel California

" …You can check-out any time you like,
But you can never leave!" 
"Դուրս գրվել կարող ես երբ կամենաս,
Սակայն հեռանալ՝ երբեք»

Մեր ապրած կյանքը մղձավանջային երազի է նման, որտեղ խառնաբնդորված և անճանաչելի են դարձած չարն ու բարին, ամբարտավանությունն ու ազնվությունը, պոռնկությունն ու բարոյականությունը, որտեղ առաջնայնացված են ձևվերն ու առհամարհված է բովանդակությունը… 
Այս կյանք-երազում մենք հրաժարվելով հազարամայակների ընթացքում ձեռք բերած գլխավոր առաքինություններից, յուրացրել և մեր էության մասն ենք դարձրել բոլոր հայտնի մեղքերն ու անիրավությունները, որոնք մարդու մեջ անասնական անհագ ցանկություններ արթնացնելուց զատ նրան ոչինչ ավելի տալ չեն կարող: 
Մարդու մերժելի բնությունները, որոնց շարքին են գոռոզությունն ու նախանձը, ագահությունն ու անառակությունը, որկրամոլությունն ու ընչաքաղցությունը ստանալով այլ մեկնաբանություններ այսօր վերածված են մարդկության ՛՛առաջընթացը՛՛ խթանող գաղափարների: Այսպես գոռոզությունը դարձել է արժանապատվության զգացում, նախանձը՝ մրցակցության ձգտում, ագահությունը՝ հաշվենկատություն, անառակությունը՝ գենդերային ազատամտություն, որկրամոլությունը՝ համեղաճաշակություն, ընչաքաղցությունը՝ լավ կյանքի ձգտում և այլն, և այլն: 
Բացասականից դրականի վերածված այս բնավորություններն իրենց հերթին մարդու համար կյանքի այլ նպատակայնություններ, լինելության այլ չափանիշներ են առաջնայնացրել... Այս կյանք-երազում կարևորված են ամեն բան ունենալու, կյանքի վայելքներով ու բերկրանքներով փառավորվելու, երգ ու պարով, ուտել խմելով, ցոփ ու շվայտության, բարգավաճության և ունեցվածքի առատության մասին երազելով օրերն անցկացնելու բաղձանքներն ու ցանկությունները… 
Շատերն ենթագիտակցորեն զգալով այս կացության բովանդակային անիմաստությունը, ցանկանում են սթափվել, արթնանալ ու սկսել ապրել Մարդուն վայել կյանքով, սակայն ինչպես քնային կաթվածի մեջ է լինում՝ արթնանալ չի ստացվում և մենք ավելի ու ավելի ենք խորասուզվում այդ մղձավանջի մեջ, չհասկանալով անգամ, որ կործանումն անխուսափելի է… 

Ակամա հիշում եմ յոթանասունականների վերջերին հայտնի Eagles խմբի ՛՛Hotel California՛՛հայտնի երգը: Մեր ապրած կյանքն էլ նման է այս Hotel California-ին, որտեղից հեռանալն անհնար է…

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել