Հայաստանի մեծ հաշվով, և Հայաստանի իշխանությունների՝ մասնավորապես, ծանր դրաման պայմանավորված է այն իրողությամբ, որ տարբեր մակարդակների /սկսած պետությունից վերջացրած ԲՈՒՀ, հիմնարկություն, համայնք և այլն/ իշխանության համար ներքին պայքարը կլանել է ՀՀ մտքի և ստեղծագործական բոլոր ռեսուրսները՝ գործնականում տեղ չթողնելով ծրագրերի կազմման և այդ ծրագրերի իրականացման շուրջ աշխատանքներին: Մի կողմից իշխանության համար պայքարը ՀՀ-ում միանգամայն հասկանալի է՝ ձևավորված արատավոր պրակտիկան միայն իշխանությանն է հնարավորություն տալիս ֆորմալ և ստվերային եկամուտ ունենալ: Մյուս կողմից առանց մտավոր և նյութական ներդրումների, միայն եկամտի համար գործադրվող ջանքերն ի վերջո հանգում են եղած սահմանափակ ռեսուրսների բաշխմանը և վերաբաշխմանը, ոչ թե մտավոր ու նյութական արտադրանքին: Այդ թվում՝ Հայաստանի ապագային միտված քաղաքական արտադրանքին: Որևէ դիվանագիտական-քաղաքական ծրագիր չիրականացրած ու անընդհատ դիպվածային որոշումներով կամ այլոց որոշումներին համաձայնությամբ առաջնորդված իշխանություններն այդպես էլ սեփական աշխատանքի փորձ չկուտակելով՝ այսօր տանուլ են տալիս ամեն ինչ,- դրսերի լոբբինգների ձեռքբերումները, մինչև հիմա զանազան մակարդակներով արտահայտված համակրությունները, այլոց աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում հայտնված հայանպաստ դիրքորոշումների օգտագործման հնարավորությունները... Արդյունքում ՀՀ բարձր և այլ մակարդակների իշխանություններն իրենց դրամայում գտնում են մի մխիթարություն՝ վերջին հնարավորություններն օգտագործել վերջին նյութական ռեսուրսներին տիրանալու /պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել, ԲՈՒՀ-երի վարձավճարները բարձրացնել, պետական տենդերները յուրացնել, Երևանի կենտրոնի վերջին քառակուսի մետրերին տիրանալ, վերջին հանածոները վաճառել... այս ամենը՝ առանց ոլորտների աշխատանքային և որակական էֆեկտիվության բարձրացման: Քանի որ ռեսուրսների վերաբաշխման այս վերջին գործընթացները հղի են ինտրիգներով, նրանց ամանակ չի մնում դրամայի ողջ ողբերգականությունն ընկալելու: Ողբերգությունը բաժին է մնում նրանց, ումից խլվում են վերջին հնարավորությունները: Բայց քանի որ արդյունքում տանուլ է տրվում երկիրը, իրականում ողբերգությունը բաժին է ընկնում երկրի քաղաքացիների և հայ ժողովրդի՝ Հայաստանի ճակատագրով մտահոգ զավակներին: Պետական իշխանության համար հանգուցալուծումը երկուսն է՝ ՛՛ողջ գանձարանն առնել և... հայդե՝ Փարիզ՛՛, ինչն արդեն զգալիորեն իրականացվել է, կամ՝ երկրի ու ժողովրդի փրկության պաթետիկ հռետորաբանությամբ Հայաստան երկիրն ուղղակի կամ միջնորդավորված հանձնել... այն ստանալու ցանկություն ունեցողին: Ամենամեծ ցանկություն ունեցողն, անշուշտ, սահմանակից հին հարևանն է: Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների համար հանգուցալուծումը ՀՀ պետական իշխանությունը շուտափույթ վերցնելն է: Առկա իրենց վաղուց սպառած քաղաքական կուսակցություններին այն արդեն պետք չէ,-չափից դուրս շատ բան է տանուլ տրված, և իրենք էլ այնքան են անվանարկված ու անկարող, որ ի վիճակի չեն իրացնել նորմալ իշխանություն: Նոր, թարմ, չանվանարկված, այլոց հետ պարտավորություններով չծանրաբեռնված, պոտենցիալ ունեցող արժանապատիվ քաղաքացիները թերևս կարող են ոչ միայն նվազագույն կորուստներով Հայաստան պետությունը դուրս բերել նոր միջազգային հարաբերությունների դաշտ, այլև, որ անհամեմատ ավելի կարևոր է, վերջապես ձևավորել սոցիալական համաձայնության հասարակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել