Տարիներ շարունակ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերից արտագաղթը կասեցնելու մասին, քանզի հասկանում ենք այս խնդրի գերկարևորությունը. Սահմանամերձ գյուղերի դատարկվելն ու սահմանների խոցելիությունը ուղիղ համեմատական կապի մեջ են…
Կառավարության, թե ում որոշմամբ, սահմանամերձ գյուղերի բնակիչները ներգրավվում են սահմանների պաշտպանությանը և դրա դիմաց որոշակի գումար ենստանում, հոգում իրենց ապրուստը: Լավ որոշում է, սակայն, իմ կարծիքով թերի է, քանզի այն չի լուծում կարևորագույն խնդիրը՝ ՛՛մարդուն չի կապում իր հողին՛՛: Այսօրվա մարդու, հատկապես գյուղի շինականի համար, այդ խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը նրան եկամտաբեր որևէ գործի, ունեցվածքի տեր անելն է, ինչը նշմարելի կդարձնի իր ընտանիքի հանապազորյա հացն իր արդար քրտինքով վաստակելու, ինչու ոչ, գուցե և հարստանալու հեռանկարը … 
Մենք կատարել և կատարում ենք մի մեծ սխալ, ենթադրելով, որ մեր գյուղացին ձեռներեց է: Նա ձեռներեց չէ և պարտավոր էլ չէ այդպիսին լինել: Ավելին, պարտադրված պարապսարապության այս տարիների ընթացքում նա կորցրել է հավատն իր ուժերի նկատմամբ, կարծում է, որ ինքն այլևս ոչնչի ընդունակ չէ, ցանկանում է, որ իրեն մեկը տեր կանգնի, ուղղություն ցույց տա, օգնի և այս ամենի չգոյության պարագայում, նա մի տեսակ խռովել է ու հանձնվել, և ինչ մեղքներս թաքցնենք, նաև ծուլացել է, թամբալացել… Ցավով եմ ասում, սակայն այսօր նա, առանց օգնության, ինքնուրույն որևէ գործ ի վիճակի չէ ձեռնարկել: Իսկ մեր կառավարիչները ամենուր կրկնելով արդեն շուտասելուկ դարձած ՛՛ձուկ բաժանելու դիմաց ձկնորսություն սովորեցնելու՛՛ ասույթը, շարունակում են ձուկ բաժանել և սահմանների պաշտպանությանը մերձակա գյուղերի բնակիչների ներգրավման այս ծրագիրն էլ դրա վառ ապացույցն է…
Եթե վարչապետը ես լինեի, հրաման կարձակեի սահմանների պաշտպանության մասին պայմանագրերը գյուղացիների հետ այնպես կնքել, որ նախատեսված աշխատավարձի 15-20%-ը դրամով վճարելու փոխարեն, ըստ իրենց նախասիրությունների, նրանց տրամադրվի որոշակի անասնագլխաքանակ, մեղվաընտանիքներ, հավուճիվ, սերմեր, տնկիներ, պարարտանյութեր, գյուղինվենտար, կարճ ասած, ինչ-ինչ ապրանք կամ սեփականություն, ինչը հնարավոր կդարձնի տեսանելի ապագայում՝ մեկ-երկու տարվա ընթացքում, կտրուկ ավելացնել եկամուտները և էլ ավելի կարևոր՝ վերականգնել հավատն իրենց սեփական ուժերի նկատմամբ, կիմաստավորի գյուղում մնալն ու ամենագլխավորը՝ ՛՛մարդուն կկապի սեփական հողին՛՛, կուժեղացնի գյուղը …
Մեկ պարզ օրինակ.
Մեկ մեղվափեթակն արժե 35-40000դրամ: Աշխատավարձի 20% դիմաց տարեվերջին մարդը կունենա 7-8 փեթակ: Յուրաքանչյուրից ստացված նվազագույնը 15կգ մեղրի վաճառքից նա կստանա 400.000դր գումար: Առաջին տարվա մաքուր եկամուտը կկազմի 175.000դր: Հաջորդ տարի եկամուտը կկազմի՝ 595.000դր: Երրորդ տարում նա կունենա 20-25 մեղվաընտանիք և 1.000.000դր.-ից ավելի եկամուտ… Նույնը, կամ քիչ ավելի կամ պակաս եկամուտ կստացվի ոչխարաբուծությունից, հողագործությունից, անասնապահությունից… 
Հ.Գ. Այսպես չանելու համար հազար պատճառաբանություն կարելի է բռնել… Բա ու՞մ վրա դնել պատասխանատվությունը, այ մարդ, ռադ արա, մեջը հաշիվ չկա, զահլա գործ ա, բա որ չհամաձայնվեն, բա ովքեր սահման չեն պաշտպանում, նրանց հետ ինչ անել, բա որ անասունները կամ մեղուները հիվանդանան ու սատկեն, բա որ տնկիները չբռնեն, բա որ երաշտ կամ կարկուտ լինի, բա որ, բա որ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել