Ադրբեջանի պաշտպանության արդեն նախկին նախարար Սաֆար Աբիևը, որը շուրջ 18 տարի հանդիասանում էր այդ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, փաստորեն հեռացվել է իշխանական թիմից: Պաշտպանության նոր նախարար է նշանակվել Զաքիր Հասանովը, որը նախկինում ներքին զորքերի գլխավոր հրամանատարն էր: Սպասվում է, որ նա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի բանակում արատավոր երևույթներն արմատախիլ անելու ուղղությամբ: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ գրում են, որ Հասանովի նշանակումը կապված է թուրքական ռազմական շրջանակների հետ, քանի որ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում գերիշխում էին լեզգիներն ու թալիշները, ինչը այնքան էլ դուր չէր գալիս Թուրքիային:Իսկ Հասանովն իբր զտարյուն թյուրք է:

Սա նույնպես վիճելի փաստ է, որովհետև վերջինս ծնունդով Ասթարայի շրջանից է, որտեղ բավական շատ են թալիշները: Ինչևէ, նրանից լուրջ քայլեր են սպասվում, սակայն դժվար թե նա կարողանա կարգի բերել ադրբեջանական բանակը, քանի որ ինքնին ամբողջ համակարգը հիմնված է կոռուպցիայի և հարազատ-բարեկամ-ընկեր կապերի վրա, իսկ ինքը՝ Հասանովը, նույնպես այդ համակարգի ծնունդ է: Բացի դրանից պետք չէ մոռանալ, որ բանակում դեռևս ամուր դիրքեր ունի գեներալների հին գվարդիան ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիխովի գլխավորությամբ: Այնպես որ ՊՆ ղեկավարի փոփոխությունը կապված է հիմնականում Սաֆար Աբիևի՝ հասարակության շրջանում բացասական կերպար լինելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել