Ճանապարհ դեպի ՍևիլիաCosmo.am-ը գրում է.

Նարնջաբույր և արաբական ու արևմտաեվրոպական ճարտարապետության անկրկնելի համադրությամբ զարդարված Սևիլիան սպասում է զբոսաշրջիկներին տարվա գրեթե բոլոր եղանակներին: Սևիլիան համարվում է ամենահամեղ խոհանոցի, ամենագեղեցիկ մարդկանց, ցլամարտի և ֆլամենկոյի մայրաքաղաք:

Որտեղ մնալ

Քաղաքում լավագույնը 1928 թվականին բացված Alfonso XIII հյուրանոցն է, որը ստեղծվել է՝ հաշվի առնելով մայրցամաքի ամենաբարձր և ամենաոճային հասարակության պահանջները: 85 տարի անց էլ այս հյուրանոցն են նախընտրում արքայական ընտանիքի անդամները և քաղաք ժամանած բարձրաստիճան հյուրերը: Հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, կառուցված է քաղաքին հատուկ մուդեհար ճարտարապետական ոճով և առաջարկում է հինգաստղանի հյուրանոցների կողմից մատուցվող բոլոր ծառայությունները (մեկ գիշերվա վարձը՝ սկսած 290 եվրոյից): Քաղաքի կենտրոնում գտնվող մատչելի հյուրանոցներից խորհուրդ կտանք Hotel Goya Seville-ը, որը երկաստղանի, ընտանեկան գողտրիկ հյուրանոց է (մեկ գիշերվա վարձը` 25-30 եվրո):

Ուր գնալ

Ամենահայտնի հուշարձանների կերտումն ու դրանց հետագա ճակատագիրը սերտորեն կապված են քաղաքի պատմության և քաղաքի համար ճակատագրական դարձած իրադարձությունների հետ: Հռոմեական տիրապետության շրջանում Սևիլիան հետամնաց գյուղից վերածվեց ժամանակակից առևտրային կենտրոնի, կառուցվեցին քաղաքի ակվեդուկները և հիմնական փողոցները: Հետագայում քաղաքը մոտ ութ հարյուր տարի Աֆրիկայից ներխուժած մուսուլմանների տիրապետության տակ էր. այս ժամանակահատվածում քաղաքը զարգացավ եկվորների ոճի և կրոնի ազդեցության տակ, կերտվեցին Գիրալդան, աշխարհահռչակ Ալկազարի մի հատվածը, իսկ քաղաքն ընդհանուր առմամբ ստացավ ավելի արևելյան տեսք: 800 տարի անց քրիստոնյաները վերանվաճեցին Սևիլիան` բոլոր մզկիթները և սինագոգերը վերածելով եկեղեցիների:

Այս ժամանակահատվածում կառուցվեց քաղաքի նշանավոր տաճարը` Seville Cathedral-ը, իսկ Գիրալդան՝ եկվորների հրաշակերտ մինարեթը, վերածվեց տաճարի զանգակատան: Քաղաքի համար ոսկե դարաշրջան են համարվում 15-16-րդ դարերը. այս ժամանակահատվածում Ամերիկայի հայտնագործման հետ զուգակցվող առևտրի զարգացման հետ ծաղկում է նաև քաղաքը: Հաջորդ նշանակալից իրադարձություններն են Իբերո-ամերիկյան ցուցահանդեսը (1929) և Համաշխարհային ցուցահանդեսը (1992), որոնց ընթացքում կառուցվում են համապատասխանաբար Իսպանիայի հրապարակն ու Բարկետա և Ալամիլո կամուրջները։ Սրանք վերը նշված հուշարձանների հետ մինչև օրս քաղաքի այցեքարտն են և պարտադիր այցելության վայր ցանկացած զբոսաշրջիկի համար:

Ինչ ուտել

Սևիլիայի ավանդական կերակրատեսակներից են Gazpacho-ն՝ հանրահայտ սառը ապուրը` բանջարեղենով, սխտորով, հացով և ձիթայուղով, Pescaito frito-ն` ալյուրի մեջ թաթախված և տապակած թարմ ձուկը, Huevos a la Flamenca-ն՝ իսպանական կծու նրբերշիկով ձվածեղը՝ լոլիկի մածուկի մեջ, Rabo de Toro-ն` ցուլի պոչով ռագուն: Քաղցդ կարող ես հագեցնել քաղաքի ավելի քան 4 000 բարերում և սրճարաններում, որտեղ քեզ կառաջարկեն բազմատեսակ տապաներ՝ իսպանական նախուտեստներ:

Ինչ գնել

Սևիլիայի ավանդական հուշանվերները հովհարներն են (abanicos), ֆլամենկո պարելու համար նախատեսված զգեստներն ու կիսաշրջազգեստները, նկարազարդ ափսեները, կերամիկական սալիկները: Քաղաքի լավագույն շոփինգ փողոցներն են միմյանց զուգահեռ տեղակայված Սիերպես և Տիտուան փողոցները: Այստեղից կարելի է գնել ամեն ինչ` հուշանվերներից ու զարդերից մինչև հագուստ ու սպորտային պարագաներ:

Տասը պատճառ Սևիլիա այցելելու համար

1. Տեսնել Կարմենի, Դոն Ժուանի և Ֆիգարոյի հայրենի քաղաքը:

2. Զմայլվել մուդեհար ճարտարապետական ոճով կառուցված եզակի շինություններով. իսպանական ճարտարապետության այս ոճը վերաբերում է հատկապես 13-16-րդ դարերին. այն գոթական և մուսուլմանական ոճերի յուրօրինակ ու ներդաշնակ համակցություն է:

3. Զգալ իսպանական ֆլամենկոյի կրքոտ ռիթմը քաղաքի համերգասրահներից մեկում:

4. Մոմ վառել աշխարհի ամենամեծ գոթական տաճարում, որտեղ հանգչում է Քրիստափոր Կոլոմբոսի աճյունը:

5. Այցելել քաղաքի Գեղեցիկ արվեստների թանգարան, որը համարվում է երկրի երկրորդ թանգարանը Մադրիդի հանրահայտ Պրադոյից հետո:

6. Հիանալ քաղաքի հրաշալի տեսարանով տաճարի զանգակատնից:

7. Ականատես լինել իսկական ցլամարտի:

8. Զբոսնել Իսպանիայի հրապարակում։ Այս վայրը ձգող ուժ ունի. դու անպատճառ կրկին այստեղ վերադառնալու ցանկություն կունենաս:

9. Համտեսել իսպանական տապաներ. դրանց բազմազանությունը իսկապես կզարմացնի և կհիացնի քեզ:

10. Կարդալ Կոլոմբոսի անձնական օրագիրը Հնդկաստանի ընդհանուր արխիվներ կոչվող թանգարանում: Չնայած շփոթեցնող անվանը պետք է նշել, որ Հնդկաստանը երբևէ չի եղել Իսպանիայի գաղութ, և թանգարանում հիմնականում պահվում են Հարավային Ամերիկայի ու Ֆիլիպինների գաղութների վերաբերյալ փաստաթղթեր: Այստեղ է պահվում նաև Հռոմի պապի եզակի որոշումը, որով աշխարհը բաժանվում էր Իսպանիայի և Պորտուգալիայի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել