Այնպես է ստացվել, որ հայկական իրականության մեջ, քիչ թե շատ հայտնի անհատը, եթե անգամ «փռշտա», ապա նրա «փռշտոցն» ու «առողջություն» ասող-չասողները միանգամից հայտնվում են ուշադրության կենտրոնում` սկսած սոցցանցերով վերջացրած` տպագիր ու էլեկտրոնային մամուլով: 
Այսպես` շաբաթ օրը տեղի ունեցած Ծառուկյան-Բաղդասարյան միջադեպին չեն ալարել անդրադարձել են համարյա թե բոլորը ու ի՞նչ դրանից, նրանց միջև տեղի ունեցած միջադեպը հանգուցալուծվե՞ց, հարթվե՞ց, թե դրանից պետք է հետևություններ անեն հանրության ներկայացուցիչները` «…կյանքը թանկացել ա սկսել են իրար ուտել»: Հավատացեք, որ նման դեղնավուն, բամբասանքային բովանդակությամբ լուրիկները չեն թեթևացնում ոչ մեկի խնդիրները: 
Բուն խնդրի առումով: Եթե վոլեյբոլի ֆեդերացիան նախագահ է ընտրում դա սպորտի նախարարության ու ՀԱՕԿ-ի խնդիրն է: Թե այդ ընտրությունը, նախագահի թեկնածուի առաջադրումը ինչքանով է համապատասխանել օրենքին ու եղել իրավաչափ, դրա մասին երևի կխոսվի: Փոխարենը տարբեր կայքեր անդրադառնում են եղելության էմոցիոնալ կողմին, թե ֆեդերացիայի նախագահն ընտրվել է առանց ՀԱՕԿ-ի ղեկավարի իմացության, ներկայացնում են ինչ-որ «նոր մանրամասներ միջադեպից» ու կրկնում են այն մի քանի նախադասությունը, որ առաջինը տարածել էր կայքերից մեկը: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ համակարգում իրար հետ չեն կարողանում աշխատել: 
Եկեք համաձայնենք, որ վոլեյբոլի զարգացումը մեր դեպքում պայմանավորված չէ ֆեդերացիայի նախագահի անձով, ինչպես նաև սպորտի զարգացումը: Այն ճիշտ կառավարել է պետք: Իսկ մեր դեպքում ինչպես հայտնի է «ճիշտ կառավարելու» հիմքում ընկած են փողն ու ԽԾԲ-ն: Կարծում եմ, պետք չէ այսքան մանրանալ ու մանրացնել երկու գործիչների միջև տեղի ունեցած միջադեպը: Առավել ևս այն պարագայում, որ հնչեցին պարզաբանումներ կողմերի պատասխանատու դեմքերի շուրթերով, թե եղել է «տղամարդավարի խոսակցություն»: Իսկ տղամարդավարի խոսակցությունները հանրային դարձնելը անշնորհակալ գործ է: 
Ի դեպ այդ տղամարդավարի խոսակցությանը սկսել են չափ տալ սոցիալական ցանցերում` արդեն հայտնված Ծառուկյանի ու Բաղդասարյանի կողմնակիցների ստեղծած «ֆան» խմբերով, որոնք այսպես ասած, «ուտում են իրար»: Եվ ի՞նչ դրանից: 
Ինչպես ասում էր Վալերշտայնը, կենտրոնում գտնվողները ավելի սերտ հարաբերություններ ունեն, քան կենտրոնն ու պերիֆերիան: Այս դեպքում գործիչներն ու հանրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել