Ասում են Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին որոշել են աշխատանքից ազատել իբր այն բանի համար, որ օրերս ԳԱԼԱ-ով քննադատական ելույթով է հանդես եկել` ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոսին ու նաև երկրի բարձրաստիճան ղեկավարությանը:
Հերթական «անորսալի Ջոն» լույս աշխարհ եկավ, ում փառքը ոնցոր մի քիչ քիփություն է անում վրան ու ցանկանում է նոր բնագծեր նվաճել էժան պոպուլիզմի հաշվին: Ո՞վ է քեզ ազատում այ հարգելիս, եթե ըստ օրենքի իրեն նշանակում և ազատում Է Գյումրու թատրոնի տնօրենը, որն էլ ըստ համացանցում շրջանառվող լուրերի` չի պատրաստվում այդ անել: Մինչդեռ երբ երեկ մշակույթի նախարարը Ծատուրյանին հրավիրել էր իր մոտ, մինչ այդ հանդիպման կայանալն արդեն համացանցը ողողված էր այդ մասին տեղեկատվությամբ ու ակնկալվող հավանական ելքերով, թե իբր նախարարը ստիպելու է, որ Ծատուրյանը ազատման դիմում ներկայացնի: Հետո էլ զարմանում են, որ Ծատուրյանը հասել է նախարարի ընդունարան ու իմացել, որ նախարարը տեղում է, բայց հրաժարվում է նրան ընդունել: Հարգելիներս, ախր այդպիսի խաբարբզիկ ենթակայի հետ ո՞ր իրեն հարգող նախարարը կհանդիպի, երբ առանց տեղեկանալու, թե իրեն ինչի համար են հրավիրել, արդեն մի իսկական ղալմաղալ է բարձրացրել համացանցում:
Հասմիկ Պողոսյանն աչքիս լույսը չի, ու չեմ կարծում, թե տեսանելի ապագայում կարող է այդպիսին դառնալ, բայց ես իրեն խորհուրդ կտայի գտնել հարմար առիթ, գուցե պատճառ, կամ էլ գրագետ հիմնավորում ու ազատվել այդ բերանբաց ու իրեն ստվերից վախեցած «խրոխտ նապաստակից»: Մեր մշակութային մայրաքաղաք Գյումրիին ուղղակի պատիվ չի բերում, որ ըստ էության նրա մշակութային կաճառ հանդիսացող հաստատության գեղարվեստական ղեկավարը նման խեղճուկրակ մարդը լինի, ով մի բան ասել է ու հիմա հայ-հարայով ուզում է տակից դուրս գալ` «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» գործելոճով:
Մի աղմուկ են բարձրացրել, թե տեսեք ժողովրդական արտիստ Նիկոյալ Ծատուրյանի հետ չինովնիկներն ինչ դաժան են վարվում` մոռանալով, որ եթե նա բարձրաստիճան ղեկավարությանը գեղացի ու ռաբիզ է անվանում, ու կոչումը թմբկահարելով ուզում է իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք պահանջել, ապա այդ կոչումը ինքը ստացել է 2011թ.-ին` հենց այս նախագահի, վարչապետի ու մշակույթի նախարարի օրոք: Բայց չէ՞ որ, եթե մեկին նախագահը ժողովրդական արտիստի կոչում է տալիս հարյուրավորները դա գնահատում են, որ տրվել է ոչ թե ամենաարժանավորին, այլ` իշխանահաճոյին, և իրենց վերաբերմունքն ունեն այդ կարգի մտավորականների հանդեպ: Իսկ հիմա սիրահոժար դառնալով տիտղոսակիր, արդեն այդ «բարձունքից» քեզ այդ կոչումը տվողներին վիրավորելով` ընդամենը որակվում ես անաղուհաց մի ապերախտ: Մի պահ համարենք, որ միայն այս օրերին իմացավ հիշյալ պաշտոնյաների ով լինելը, ապա ինչո՞ւ չի այդ կոչումը շպրտում նրանց դեմքին, որով և ապացուցում, որ իսկական ժողովրդական արտիստին ժողովուրդն է այդպիսին կոչում, այլ ոչ թե արքունիքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ հենց ստանալիս ասեր, որ պետք չէ ոչ կենսունակության պատճառով լուծարված ԽՍՀՄ «լավագույն ավանդույթները» շարունակել, և նախագահի հրամանագրով ժողովրդական նշանակվել: Ուրեմն մի՞թե այս կարգի անսկզբունքային անձնավորությունը կարող է Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար լինել, ախր այսպիսիներին պետք է մի կիլոմետրից մոտիկ չթողնել թատրոնին, ոչ թե ներս մտցնել ու կյանքի գնով պահել:
Կաթողիկոսին անվանելով սատանա կամ էլ նման այլ վիրավորական բառերով կոչել, սա իհարկե լավ է հաշված, քանի որ շատերի սրտով է Գարեգին Բ-ին քննադատելը, ուստի սրանով կարելի է էժան հեղինակություն ձեռք բերել: Բայց հնչած մտքերը գնահատականներ չէին, այլ ուղղակի վիրավորանքներ, և այնպիսի բառերով, որն իրեն կարող է եթերով թույլ տալ միայն անդաստիարակ անձնավորությունը: Եվ եթե որոշ ճղճիմների պատճառով փառահեղ 80-ականներին մի արտահայտություն երևան եկավ. «Ով առավոտյան ալարում է սափրվել` ֆիդայի է դառնում», հիմա էլ որոշ լկտիների պատճառով մեկ այլ արտահայտության առաջ մեզ կանգնեցրեցին. «Ում մանուկ հասակում լավ չեն դաստիարակել` մեծացել ակտիվիստ է դարձել»: Ուղղակի ցավում եմ, որ մեր հյուսիսային մայրաքաղաքի արժանապատիվ քաղաքացիները ստիպված են իրենց պաշտպանության տակ առնել մի անձնավորության, որը խախտել է բոլոր խաղի կանոնները` մարդկային, բարոյական, աշխատանքային…
Իսկ եթե որևէ մեկն ուզում է ասել, թե այդ դեպքում ո՞վ է իսկական մտավորականը, եթե բոլորին անուն ենք դնում, ապա դրա դասական օրինակն իմ կարծիքով Օհան Դուրյանն է, որ անգամ մահամերձ վիճակում հանրահավաքի էր գնում, նախագահի հրաժարականը պահանջում, բայց դա հնչեցնեւմ էր առանձնահատուկ կոռեկտ, կիրթ ու արժանապատիվ: Մարդ, որ անմնացորդ նվիրվեց երկրին ու ժողովրդին, այլ ոչ թե Նիլոյալ Ծատուրյանի նման իշխանության ձեռքերը համբուրեց, երբ դրա կարիքը կար, հետո էլ կծեց, երբ կարծում է, որ երկրում կարող է իրավիճակ փոխվել ու նոր տերերին հարկավոր է ծառայություն մատուցել:
Ուստի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկ է ինչ անի չանի առավոտից երեկո քննադատում են, մի հատ ավել մի հատ պակաս, բան չի փոխվելու, ավելի լավ է վճռականություն հանդես բերի ու ազատի մեր մշակութային մայրաքաղաքն այս խղճուկից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել