Օֆ, օֆ, օֆ
Հայաստանում՝ ամենուրեք, տեսնում եմ հոգնած, ժամանակից շուտ ծերացած մարդկանց, նրանք քայլում են գլխիկոր, մի տեսակ ամաչելով բարձրացնելու գլուխը, դե ու՞մ նայեն, կամ ի՞նչին: Թվում է, թե սա իրենց քաղաքը չէ, իրենց երկիրը չէ, իրենք էլ պանդուխտ են, որ անկախ իրենց կամքից՝ եկել ու բնակություն են հաստատել այստեղ: Նրանք, նույնիսկ երկրի բարքերից օգտվելուց, մի տեսակ քաշվում են, օտար զգալով առանձնանում սեփական բնակարանի չորս պատերի ներսում: Սրան հակառակ, զարմանում եմ, երբ տեսնում եմ հպարտ քայլող իշխանավորների, հարուստների, ովքեր ուրիշների հետ վարվում են այնպես, կարծես իրենց փողի վրա հայոց զինանշանը կա, իսկ ուրիշների փողերը զուրկ են դրանից: Հարուստն ու իշխանավորը մի կողմ, լավ, իսկ քահանաներն ի՞նչու են իրենց վեհ պահում, քայլում են ճորտատիրոջ նման՝ գլուխը բարձր, ահռելի փորերը դուրս ցցած, ու ամեն պատեհ առիթն օգտագործում ժողովրդին բառային հոգնա անելու համար ու հավատաքննություն անելուց հետո, դատապարտում Տեր ողորմյա կարդալուն ու զոհաբերություն կատարելուն: Սրանից զատ, բարկությունս գագաթնակետի է հասնում, երբ փողոցով քայլելիս, հանդիպում եմ ոստիկանական՝ դեֆորմացված կազմվածքով ու նորից նույն՝ դուրս ցցված փորով ու հպարտությամբ քայլող ու քայլելիս էլ մահակը թզբեխի նման պտտեցնող պարեկների, ում դեմքին շողում է ехидный ժպիտը, ով, նայելով աչքերիդ մեջ, սպասում է քո ցայտնոտին, որ մոտ կանչի ու իր կասկածամտութամբ հարցնի, թե ո՞վ ես ու ի՞նչ ես ման գալիս էս փողոցում: Կուժն ու կուլեն, կոտրվում է ոստիկանների գլխին, երևի այն պարզ պատճառով, որ իշխանավորներին ստիպված ենք լինում համբերել, բայց այ սրանց «հաբռգելը» անտանելի է դառնում, գագաթնակետին է հասցնում համբերության բաժակի մեջ լցվող անտանելին: Ախր, բոլորն են մունաթ գալիս ժողովրդի վրա: Ես չեմ կարող համակերպվել պարտադրվող ստրկությանը: Ստրկությունը չի բխում մարդու կամքից, դա պարտադրվում է, իսկ ծառա լինելը ընտրություն է, իսկ ըստ ոմանց, իշխանավոր կամ հարուստ լինելը, ի վերուստ ընտրված լինելու առավելություն է համարվում: Թերևս, բոլորն էլ հավասար են ստեղծվել, հավասար իրավունքներով, բայց հետագայում սկսել են իրար վրա բռնանալ ու խնդրեմ, աշխարհը տնքում է այդ բռնությունների պատճառով ու երազում մարդ արարծին թոթափել իր վրայից: 
Մենք, նստած տեղներս, ճիշտ ու սխալ ենք ջոկում, քցում բռնում, մտքեր արտահայտում, կարծելով, որ մենք կարող ենք երկրի ղեկավարման մեջ դիրքորոշում արտահայտել և ավելին՝ ուղղորդել այդ կառավարումը: Այո, թերևս այդպես էլ լինելու էր՝ թեորապես, քանի որ իշխանությունը՝ ըստ սահմանադրության, պատկանում է ժողովրդին՝ քաղաքացուն: Սակայն, գործնականում մենք տեսնում ենք, որ երկիրը ղեկավարվում է մի քանիսի կողմից և ուղղորդվում հստակ ծրագրերով և հստակ ուղղությամբ, այսինքն՝ նպատակային: Եթե նույնիսկ առկա է ինչ որ քաղաքացիական նախաձեռնություն, ընդվզում կամ պայքար, ապա կառավարության կողմից, դրանց առկայությունը և կառավարումն այնքանով է հաշվարկված, որ էական ոչ մի ազդեցություն չի ունենում իշխանությունների ընդհանուր ծրագրերի և ղեկավարման վրա: Դրա վառ օրինակը, գազի գների թանկացումն է, որը հարվածեց շարքային քաղաքացու գրպանին: Գազի գնի թանկացմամբ, շղթայակերպ թանկացավ ամեն ինչ, առանց բացառության: Մի քանի օրեր, Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիաներ կազմակերպվեցին և վերջ, իսկ մի քանի ամիս անց, բացահայտվեց, որ գազի գնի թանկացումը կատարվել է ապօրինաբար, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցնելու և համապատասխան պայմանագիրը կնքելու և ավելին, առանց ռուսական կողմին տեղյակ պահելու և առանց ազգային ժողովի հաստատման: Հիմա, նույնիսկ այս բացահայտումից հետո, ոչ ոք պատասխանատվության չի կանչվել, ավելին՝ լռում է նաև ՀՀ նախագահը: Սա ամենապարզ օրինակն է, որով ուզում եմ հաստատել վերն ասածներս:
Ինչպես ասում է տիկին Կիման՝ Եղիազարյան, մեր ազգը երկու դեպքում է միաբանվում, մեկ մեռելոցներին մեկ էլ ֆուտբոլի ժամանակ: Ի դեպ, շնորհավորում եմ մեզ, մեր հավաքականի տարած հաղթանակի կապակցությամբ: Հաց և զվարճություն, ինչպես ասվում է հռոմեական ասացվածքում, տվեք ժողորդին այս երկուսը և հանգիստ ձեր թալանն ու իշխումն իրականացրեք: Դե, ասացի հացն ու զվարճությունը, իսկ սրանք առանց հաց, միայն զվարճությունն են դեմ տալիս: Սոված փորին ի՞նչ զվարճություն: Այ այսպես էլ ապրում ենք: Բարի լույս՝ սոված, բայց զվարճացող ազգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել