Երկու օր շարունակ զանազան միջոցառումներով նշելու ենք ԵՐԵՎԱՆ քաղաքի տոնը, հնչելու են ամպագոռգոռ բազում բաժակաճառեր և խոսքեր, բայց հասկանալի է, որ նման բաներով հնարավոր չէ մարդկության օրրաններից մեկն իսկապես քաղաք դարձնել: Անշուշտ, ամեն մի տոն նաև պատեհ առիթ է՝ մտորելու, անդրադառնալու և գնահատելու արած չարածը: Երբ մեկն այցելում է Երևան և ցանկություն հայտնում տեսնել շուրջ 3000-ամյա քաղաքն իր շինություններով, գույներով, նկարագրով և ճարտարապետությամբ, գրեթե բան չունենք ցուցադրելու: Այսօր մեկ փաստի վրա եմ ուզում հրավիրել բոլորի ուշադրությունը: Ցավում եմ այս փաստն արձանագրելու համար, բայց իրականությունից չենք կարող փախչել: ԱՐԱՄԻ փողոցի վրա առաջին Հանրապետության հիմնադիր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ քանդված, կիսախարխուլ տունն է՝ շրջափակված էլիտար շինություններով: Մի մարդու, որն անուրանալի դերակատարություն ունի մեր ժողովրդի կյանքում: Երբեմնի նվիրյալ հայորդու մասին միայն քարե տախտակն է հիշեցնում: Այսպես ենք հարգում մեր մեծերին, Հանրապետության հիմնադրին................. այսքան անտարբերություն: Ինձ համար Երևանի տոնն արժեք կունենար, երբ այդ տունը վերակառուցվեր, վերանորոգվեր և դառնար իսկապես ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ այցեքարտերից մեկը, որով պիտի հպարտանար ամեն մի հայ: Ինչևիցե, շնորհավորում եմ բոլորիս տոնի առիթով հույսով, որ Երևանն իսկապես մեկ օր քաղաք կդառնա՝ հատկապես իր քաղաքակիրթ և բարեկիրթ բնակիչներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել