2013թ-ի սեպտեմբերին ՀՀ-ում միրգ-բանջարեղենի սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 116.5%, ընդ որում առավել մեծ ցուցանիշ գրանցվել է մրգի շուկայում` 120.6% հակառակ այն պնդումների, որ այս տարի բերքառատ տարի է սպասվում:
Ըստ ՀՀ ԱՎԾ հրապարակած տվյալների` բանջարեղենի շուկայում այս տարվա սեպտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գնաճ է նկատվել ներկայացված տասներեք մթերքներից յոթում` ընդհանուր գնաճը կազմելով 12.4%: Թանկացել են ծաղկակաղամբը, կաղամբը, լոլիկը, կարտոֆիլն, սխտորն, սմբուկն ու կանաչ պղպեղը: Առավել մեծ գնաճ են գրանցել ծաղկակաղամբն ու կաղամբը` համպատասխանաբար 91.2 և 41.5%: Տատրօրինակ է, որ լոլիկի այս տարվա նման բարձր գինը նախորդ տարվա համեմատ կազմում է ընդամենը 26.6%:
Մրգի շուկայում ներկայացված տասնչորս տեսակի մրգերից գնաճ է նկատվել տասներեքում: Բացառություն է կազմում նարինջը `գնանկումը կազմել է 4.9%: Առավել մեծ գնաճ է նկատվել դեղձի 86.1%, խաղողի` 59.1% և արքայանարնջի` 55.7% շուկաներում:
Մասնագետների կարծիքով սեզոնային գնաճը դեռ նոր է սկսվում և կարող է շարունակվել, քանի որ սովորաբար այն առավել ցայտուն արտահայտվում է ամեն տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` կապված վերջնական բերքահավաքի հետ: Այնպես որ սեպտեմբերին տեղի ունեցած նման գնաճը, հատկապես մրգի շուկայում, այդքան էլ կապված չէ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների ավարտի հետ և կարող է պայմանավորված լինել ՀՀ-ում ընդհանուր գնաճի տեմպերով, գյուղտեխնիկայի, ոռոգման ջրի թանկ լինելով և այլն: Նման բարձր ցուցանիշի պատճառ կարող է հանդիսանալ նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընտանիքների թվի նվազելը` պայմանավորված գյուղական համայնքներից մեծ արտագաղթի թվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել