Hayeli.am-ը գրում է.

Մեկ տարի առաջ Վահե Ավետյանին դաժանորեն սպանեցին։ Այն օրերին հասարակական պոռթկումը մեծ էր. բավականաչափ թուքումուր տեղաց Ռուբեն Հայրապետյանի վրա։ Բայց ամեն բան ավարտվեց նրանով, որ Ռուբեն Հայրապետյանն ընդամենը վայր դրեց պատգամավորական մանդատը։ Իսկ մնացածը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի իր պաշտոնավարումը, տեսակ-տեսակ բիզնեսները, խաղաղ ու անվրդով կյանքը շարունակվում է իր բնականոն հունով։

Մեկ տարուց ավելի ձգվող դատական քաշքշոցներից հետո պարզվեց, որ Վահե Ավետյանին անմարդկային ծեծի ենթարկողն ու մահվան դուռը հասցնողը եղել է ոչ թե ամբողջական բանդա, այլ ընդամենը մեկը՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահ Նորայր Հայրապետյանը։ Միայն նա է բռունցքով հարվածներ հասցրել Վահե Ավետյանին եւ ընդանենը 35 վայրկյանում սպանել նրան։ Մյուս ամբաստանյալները Վահե Ավետյանին սպանելու գործում մեղավոր չեն։ Նրանցից երկուսը համապատասխանաբար ծեծել են Վահեի ընկերներին՝ Գարիկ Մարգարյանը՝ Արտակ Բայադյանին, Արթուր Բաբլոյանը՝ Գարիկ Սողոմոնյանին։

«Կոտորած չի եղել ժամերով… Ամեն ինչ ընդամենը 35 վայրկյան է տեւել»։ Այսինքն, առանձնապես մեծ աղետ չի եղել, այլ՝ ընդամենը մի քանի մուշտի, այն էլ՝ ընդամենը 35 վայրկյան տեւողությամբ։ Պարզապես շաքարամանից ընդամենը երկու կտոր շաքար չէ, որ պակասել է. Մարդ է սպանվել։ Ընտանիք է որբացել։ Երիտասարդ կին է այրի դարձել։

Առնվազն Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակից Նորայր Հայրապետյան պետք է լինել կատարված ողբերգության ու սեփական վայրագության մասին այսպես խոսելու համար՝ «Ընդամենը մի քանի վայրկյան էր… Կոտորած չի եղել ժամերով»։ Եվ առնվազն անարդարությունների ու դատական խեղկատակությունների նկատմամբ իմունիտետ ձեռք բերած հայ հասարակություն պետք է լինել հերթական թմրադեղը կուլ տալու համար, որը ավելի ու ավելի դիմակայուն է դարձնում հանցագործությունների, սպանդի, արժեհամակարգերի տապալմանը դեմ հանդիման։

Այս ամենը միգուցե նրանից է, որ հայ հասարակությունը վերջին տարիներին աչք չի բացում այսօրինակ դաժան պատմություններից եւ մի մեռելատաղից մյուս մեռելատեղին տեղափոխվելով՝ գնալով կորցնում է ադեկվատության զգացողությունը։ Իսկ ադեկվատ չլինելը հոգեկան շատ սուր հիվանդություն է, որը վարակի պես տարածվել գիտի։ Այսօր ադեկվատ չեն ո՜չ երկևրի քաղաքացիները, ո՜չ էլ, առավել եւս, նրա սպասարկու կազմերը՝ սկսած իշխանությունից։ Եվ խելագարների այս նավը գնում է դեպի…

Մարինա Բաղդագյուլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել