Գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանի միակ արժանիքը համարվում է նրա հավատարմությունը գործող նախագահին: Նշեմ սակայն, որ հավատարմությունը քաղաքական կատեգորիա չէ, և զուտ անձնական հարաբերությունների դաշտից է, եթե չասենք՝ կենդանական: Եվ երբ պաշտոնական պարտականությունների կատարման ժամանակ վերադասը պարտադրում է անել քայլեր, որոնք քո տեսանկյունից սխալ են, պարտավոր չես համաձայնվել այն կատարել: Իսկ երբ ղեկավարդ անդրդվելի է՝ պետք է հրաժարական տաս, կամ էլ, եթե ուժերդ ճիշտ ես գնահատել՝ նրան հրաժարական պարտադրես:
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ այդ երբվանի՞ց. սկզբում ակտիվ ՀՀՇ-ական, այնուհետև կարկառուն ԱԺՄ-ական, հետագայում ինքնամոռաց քոչարյանական Տ.Սարգսյանը, դարձավ Ս.Սարգսյանի ամենահավատարիմ մարդը: Չլինի՞ եզրակացնում են նրանից, որ պատրաստ է ապացուցելու համար Հայաստանը դժոխք դարձնել, որպեսզի կոնկրետ օրինակի վրա ցույց տա, թե եթե Խաչիկ Ասրյանը վերացական է պատրաստ դառնալ դժոխքի պահակ, ապա ինքն առարկայական կարող է լինել իր ստեղծած դժոխքի գործադիր տնօրեն: Իրականում Ս.Սարգսյանը հրաշալի հասկանում է, որ մեր վարչապետի միակ արժանիքը ոչ թե հավատարմությունն է իր հանդեպ, այլ՝ օրվա բարձրագույն իշխանության: Ինքն է այսօր, ուրեմն նա հլուհնազանդ կկատարի ցանկանցած հանձնարարություն՝ «անտեսակետ Փիլոյի» պատրաստակամությամբ: Չլինի՞ կարծում եք, թե նախագահն իր պաշտոնաթողությունից հետո, ասել է թե՝ «հաջորդ կյանքում», երբ կցանկանար հանգստանալ ամեն ինչից ու բոլորից, բացի ընտանիքի անդամներից ու ամենամերձավոր բարեկամներից, մի հատ էլ երազում է, որ Տ.Սարգսյանն իրեն այցելի ու «քեֆ-հալ» հարցնի: Պարզապես Ս.Սարգսյանը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ որոշ հանգամանքներից ելնելով, իր պաշտոնավարման առաջին փուլում առաջնորդվել է հայտնի միապետի հայտնի խոսքերով. «Ինձ մտածողներ պետք չեն, ինձ պետք են կատարողներ»: Նշեմ սակայն, որ մեր այս նոր ժամանակների համար անդառնալիորեն հնացել է այդ խոսքերի տրամաբանությունը: Եվ եթե որոշ պաշտոնյաներ փորձում են բացատրել նախագահի մերձավոր շրջապատում գտնվելու իրենց միակ արժանիքը նրա նկատմամբ հավատարմությամբ՝ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից, ապա դրանով ոչ միայն արատավորում են պաշտոնյայի ինստիտուտը, այև վարկաբեկում հենց Ս.Սարգսյանին, թե տեսեք ինչն է կարևորում՝ բարոյական որակներից, սկզբունքայնությունից, պրոֆեսիոնալիզմից և էլի շատ ու շատ մարդկային արժանիքներից առավել: 
Հիսուս Քրիստոսի ձերբակալության գիշերը Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ նրան, բայց մի՞թե դա խանգարեց, որ նա հետագայում ժառանգեր Փրկչի իշխանությունը երկրի վրա, լիներ նրա հետևորդն ու ամենաանվանի առաքյալներից և մինչ օրս ամենապատվելի սրբերից մեկը: Գուցե ոմանք ասեն. բա այդպիսի մարդուն ինչպե՞ս կարելի էր վստահել, կամ մի՞թե Հիսուսը չէր նկատել նրա մեջ ուրանալու հակումները: Դե հո չեք մոռացել, որ ինքն էր ժամանակին ասել, որ դա տեղի է ունենալու: Կանխարգելիչ քայլեր չարեց, քանի որ կարևորեց ոչ թե այն, որ իր կողքին կանգներ ու հերոսաբար քարկոծվեր, այլ՝ իրավիճակի դրամատիզմով պայմանավորված ուրանար, որպեսզի հետո կարողանար Տիրոջ կիսատ թողած գործը հավատարմորեն շարունակեր: Եթե գործդ վեհ է ու նվիրական, կուզենաս հավատարիմ լինեն գաղափարներիդ ու շարունակեն այն, եթե անգամ դրա համար պետք է ուրանան քեզ: Իսկ երբ գործդ նյութական է՝ շահադիտական, բնական է ուզում ես, որ շան որակի հավատարիմներով շրջապատված լինես, որոնք պատրաստ են լիզել ձեռքերդ ու ոտքերդ, և ում օտար կհամարես՝ հարձակվեն ու ծվեն-ծվեն անեն:
Թե ինչպիսի Հայաստան է երազում տեսնել Ս.Սարգսյանը, ո՞րն է ապագայի իր տեսլականը, որ հատկացված ժամանակում պատրաստվում է կերտել իր բաժին հասած մասը, պարզ կդառնա Տ.Սարգսյանի ապագա կարգավիճակից, ինչը ոչ ավելին է, քան սոսկ նախագահի խոսքի ու գործի համապատասխանության «լակմուսի թուղթ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել