A1plus.am-ը գրում է.

2013 թվականի հոկտեմբերի 4-ին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից թվով 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:

Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սույն թվականի սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ:

Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից Ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղ համայնքում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը: Այն տարածքները, որտեղ իրականացվել են կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել է: Այնուհետև Ծառայության մասնագետները ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների հետ իրականացրել են բակային այցեր, կենդանիների շրջանում իրականացվել է կլինիկական զննում՝ հիվանդ կենդանիներ հայտնաբերելու համար:

Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:

Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Թեժ գիծ»՝ 010 434040

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել