Այսօր իմ օրն է…
Դե խոսի՛ր, ասա՛,
Ինչո՞ւ չփնտրենք,
Ինչո՞ւ չգտնենք
Վայրկյանը կորած հավերժության մեջ,
Ինչո՞ւ, ասա ինձ, միշտ պետք է…
Հոգնած մեղեդու մայթերով քայլենք:

Վաղուց գիշերվա քունը չի տանում,
Սե՛րն է արյունոտ ձգտումներից տաք,
Ու զրկվել են աստղերն իրենց թևերից,
Թաքնվելով սրտիս տակ:
Իմ օրն է այսօր…
Ինչո՞ւ, ասա ինձ
Դու իմ կողքին չես,
Այն, ինչ վերցրել ես կամքիս հակառակ
Քո կամքով մի օր Կվերադարձնե՞ս:

Իմ օրն է այսօր…
Դու իմ կողքին չես,
Տարիներս են իմ գրկում սեղմված,
Ու լաց է լինում ծիծաղս անտեր,
Իմ բաժին սերն էլ՝ ցիրուցան եղած:

Կգա՞ս դու վաղը,
Կամ օրը մյուս,
Ծերացած սպասում,
Կորած, հեռացած բողբոջող մի հույս,
Չէ՛, այսօր արի,
Դողդոջ շուրթերիդ խարանված մերժում…

Այսօր ի՛մ օրն է…
Այսօ՛ր եմ ուզում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել