Հիսունական թվականներին ես աշխատում էի «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում, որպես բաժնի վարիչ: 

Այն ժամանակներում շատ ընդունված էր զանազան հոբելյանների և կարևոր այլ միջոցառումների առիթով թերթում զետեղել նշանավոր մարդկանց խոսքը: Եվ ահա 1959 թ. Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի առիթով որոշել էինք անպայման տպագրել Մարտիրոս Սարյանի խոսքը: Խմբագիրն ինձ հանձնարարեց զբաղվել դրանով: Ես լավ ճանաչում էի մեծ վարպետի որդուն` Սարիկին, որի հետ հաճախակի հանդիպումներ էինք ունենում սեղանի շուրջ` ջերմ մթնոլորտում: Այդ մասին ասացի Սարիկին, որը խորհուրդ տվեց զանգել և խոսել հենց իրեն` վարպետի հետ: Զանգեցի վարպետին: Ասաց` «Իսկ դա խիստ անհրաժե՞շտ է»: Ասացի այո, շատ անհրաժեշտ է, մեր ղեկավարությունը խնդրում է, որ դուք անպայման ելույթ ունենաք: 
-Դե լավ,որ այդպես է, դուք նախապես կազմեք տեքստը, թե ինչ եք ուզում, հետո բերեք ինձ մոտ: 
Գրեցի տեքստը, ընդամենը երկու էջ: Սարիկի հետ միասին տարա վարպետի մոտ, կարդաց, ուղղումներ մտցրեց, ստորագրեց, վերադարձրեց ինձ և ասաց.
-Դե որ սա պարտադիր ասորտիմենտ է, տարեք տպեք:
ՈՒրախ, ուրախ եկա խմբագրություն, տեքստը վերամեքենարել տվեցի, վերջում դրեցի վարպետի ստորագրության ֆաքսիմիլեն և տակը գրեցի` «ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ»: Հոդվածը այդպես տպագրվեց: Հաջորդ օրը զանգ է տալիս Սարիկը և ասում` վարպետն ուզում է քեզ հետ խոսել: Հեռախոսափողը սեղմում եմ ականջիս և ուշադրությամբ լսում վարպետի ձայնը.
-Տղա ջան, ես շատ շնորհակալ եմ, որ դու ինձ Սովետական Միության ժողովրդական նկարիչ ես դարձրել, բայց ես այդ կոչումը դեռ չունեմ:
-Վարպետ ջան, ոչինչ, դա ոչ միայն իմ, այլ մեր ամբողջ ժողովրդի ցանկության դրսևորումն է, մենք բոլորս էլ այդպես գիտենք:
-Սակայն, դժբախտաբար, մեր ժողովուդը չէ կոչում տվողը, Մոսկվան է, իսկ այնտեղ ես ունեմ մի ՙլավ բարեկամ՚, որ օձի նման միշտ իմ ճանապարհը փակում է: Հետո, ուրիշները կկարծեն, որ այդ կոչումը ոչ թե դուք եք սխալմամբ գրել,, այլ ես ինքս եմ այդպես ստորագրել: 
-Վարպետ ջան, շատ ներողություն եմ խնդրում դրա համար, բայց ոչ ոք այդպես չի կարծի, բոլորն էլ այդպես գիտեն, որ դուք Սովետական Միության ժողովրդական նկարիչ եք:
Դա հենց այն ժամանակ էր, որ Սարյանին ներկայացրել էին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչի կոչման, բայց ԽՍՀՄ նկարիչների միության նախագահ Ա. Գերասիմովը չարամտորեն խոչնդոտում էր հարցի լուծմանը: Սարյանին ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչի կոչումը շնորհեցին 1960 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել